Ինչո՞ւ մինչ օրս գերիներին չեն վերադարձրել. որ էժան PR անե՞ն. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Գերիների վերադարձը, որ երեկ տեղի ունեցավ, վերջին շրջանի եզակի ուրախալի դեպքերից էր։ Տա Աստված, որ գերեվարված մեր բոլոր տղաները շատ արագ վերադառնան Հայաստան»,-Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ բոլորը չվերադարձան, քանի՞ գերի է այսօր պահվում թշնամի երկրում։

« Մինչ այս պահը չգիտենք, թե քանի գերի գիտենք։ Վերցնում է, գերիների նկար է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում ու էժանագին փիարով է զբաղվում։ Ինչի՞ ես նկարել էդ մարդկանց և հրապարակում։ Հասկանո՞ւմ է ինքը, որ այդ մարդիկ ծանր շրջան են ապրել գերության մեջ։ Նրանք ու նրանց ազգականներն ուզում են մոռանալ այդ ժամանակաշրջանը։ Էդ մարդիկ պիտի գան, ինտեգրվեն հասարակությանն ու շարունակեն ապրել։ Բայց էդ նկարը միշտ լինելու է բոլորի աչքի առաջ»,-նշեց Ա. Վանեցյանը։

Ըստ նրա՝ սարսափելի է, երբ գերիների հարցը շահարկվում է և օգտագործվում էժան փիարի համար։

«Ընդ որում, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կար հստակ կետ, որ գերիները պետք է վերադարձվեն։ Ինչի՞ չեն վերադարձվել մինչև այսօր, ի՞նչն է պատճառը։ Իսկ միգուցե Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որ սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի։ Եկեք այս տեսանկյունից էլ նայենք։ Նորից եմ կրկնում, տա Աստված, որ բոլոր գերիները վերադառնան, բայց կան շատ հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանանք, և անպայման ստանալու ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը։