Բաքուն հայտնում է՝ 15 հայ ռազմագերիները վերադարձվել են Ակնայի ականապատ քարտեզների դիմաց, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջնորդությամբ (տեսանյութ)

Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող 15 ռազմագերիներ։ Հայտնի դարձավ, որ հայ տղաները Հայաստան են վերադարձել ադրբեջանա–վրացական սահմանով։ Ուշագրավն այն է, որ պաշտոնական Բաքուն հայտնում է տեղեկություններ, որոնք ոչ մի կերպ չի հաջողվում հստակեցնել ՀՀ պատկան մարմինների հետ։

Հաղորդվում է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև պատմական հանդիպում է տեղի ունեցել , դիվանագիտական ջանքերի արդյունքում Բաքուն կարողացել է ստանալ ականապատ քարտեզներ։ Ավելին, ըստ տարածվող տեղեկատվության, հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ողջ Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ քարտեզները, որի փոխարեն ադրբեջանակա կողմը հայկական կողմին է վերադարձրել 15 ռազմագերի։

Բաքուն նաև հաղորդում է, որ Ադրբեջանի քննչական մարմինների կողմից հաստատվել է, որ այդ 15 գերիները չեն մասնակցել Ադրբեջանի քաղաքացիների սպանություններին կամ այլ ծանր հանցագործությունների կազմակերպմանը։

Ինչ վերաբերում է ականապատ քարտեզներին, ապա, նույն այդ տեղեկատվության համաձայն, խոսքը 100 000 հակատանկային և հակահետևակի ուժերի համար նախատեսված ականների մասին է, այսինքն՝ յուրաքանչյուր ռազմագերու դիմաց Երևանը Բաքվին է տրամադրել 6,5 հազար ականների տեղակայման տվյալ։ Ի դեպ, Բաքուն հայտնում է, որ բացառվում է, որ Երևանը տրամադրեր սխալ քարտեզներ, քանի որ այս գործարքի անկեղծության երաշխավորներն են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Ավելին, Բաքվում կարծում են, որ տալով ականապատ քարտեզները` Երևանը ցրեց այն միֆերը, թե չկան նման քարտեզներ, ուստի Բաքուն հայտնում է, որ մեծացնելու է ճնշումը ստանալու համար մյուս տարածքների ականապատման քարտեզները, քանի որ ականազերծումը ծայրահեղ թանկարժեք գործընթաց է։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 13-ը այցով տարածաշրջանում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ով Բաքվում և Երևանում խոսեց թե ականապատ քարտեզները վերադարձնելու, թե բոլոր ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու անհրաժեշտության մասին, ուստի չի բացառվում, որ այս այցի ընթացքում էլ քննարկվել է և կազմակերպվել տվյալ գործարքը։ Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ նշել է, որ գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ «ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։

Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաևԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մեր տարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար»,-նշել է Մանե Գևորգյանը` որևէ կերպ չանրադառնալով և չհերքելով տարածվող տեղեկությունները, թե հայկական կողմը գերիների դիմաց Ադրբեջանին է հանձնել Ակնայի ականապատ քարտեզները։ Հարկ է հավելել նաև, որ այս գործարքի պայմանների մանրամասները չի հաջողվում պարզել ՀՀ պատկան մարմիններից։

 

Աղբյուր՝ 168.am