Ռուս գործընկերները Սոթք-Խոզնավար հատվածում նայել են այն կետերը, որտեղ կարող են տեղակայվել․ Փաշինյան

Մեր ամենամեծ մտահոգության թեման Սոթք-Խոզնավար հատվածն է։ Մենք մտածել ենք հետևյալը՝ քանի դեռ ռեալ շանս կա, որ մենք այդ խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, մինչև վերջին վայրկյանը ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծենք։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վարդենիսում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են այն դիրքորոշումը, որ պետք է ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից։

Փաշինյանը հիշեցրեց՝ առաջարկել է, որ զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն սահմանից, այդտեղ տեղակայվեն, օրինակ, ռուսական սահմանապահներ։

«Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, նրանց ներկայացուցիչները եկել են և Սոթքից մինչև Խոզնավար հատվածում նայել են տարածքները, այն հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել, և հիմա քննարկումներ են տեղի ունենում՝ նրանց հնարավոր տեղակայման կետերը ճշգրտելու վերաբերյալ»,-ասաց նա՝ նշելով, թե հասել են նրան, որ իրավիճակը շարունակաբար չի լարվում։

Փաշինյանը հիշեցրեց՝ զինվոր էր մոլորվել, անցել Ադրբեջանի կողմը, ինչից երկու օր հետո նրան վերադարձրին․ դա, ըստ Փաշինյանի, գնահատելի և կարևոր քայլ է։