Մշակույթը՝ որպես դիվանագիտական լծակ. Արցախում և Սյունիքում անցկացվել է «Երգով և սիրով» փառատոնը

Սյունիքի և Արցախի բնակիչներին սատարելու, նրանց ոգևորելու, ապրեցնելու նպատակով  «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ը անցկացվել է  «Երգով և սիրով» խորագրով երգչախմբային փառատոնը: Այն նախաձեռնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցել են Ստեփանակերտ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների, ինչպես նաև Խնձորեսկ և Շինուհայր գյուղերի գործող երգչախմբերի երեխաները: Սյունիքի և Արցախի տաղանդավոր պատանիներից  կազմվել է հավաքական երգչախումբ, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հետ ելույթներ է ունեցել Ստեփանակերտում և Կապանում:

«Այս  միջոցառումը վերջին շրջանի այն բացառիկ, եզակի իրադարձություններից է, որն արժանապատվության, չհանձնվելու, քաղաքացիական գիտակցության կոչ է: Այս ամենն իրականացավ մաեստրո Հեքեքյանի և նրա երգչախմբի շնորհիվ: Այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքացիության ամենաբարձր դրսևորումներից մեկն է:  Փառատոնը փորձությունն ու բարդ ժամանակաշրջանն արժանապատիվ և ստեղծագործաբար հաղթահարելու գրավականն ու հրամայականն է»,-հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Փոխնախարարը վստահ է՝ այսօր, առավել քան երբևէ, մշակույթն ունի քաղաքացիական ապրումներ և գիտակցություն արթնացնելու գործառույթ և թերապևտիկ առաքելություն:

Նախաձեռնությունն իրականացվել է երկրի համար շատ տագնապալի օրերին, երբ  ադրբեջանական զորքերը հայտնվել են Հայաստանի սահմանների ներսում:  Խզմալյանը միջոցառումը հետաձգելու փորձ է արել, սակայն պատանիներն են ընդվզել և շեշտել, որ ելույթներն անհրաժեշտ են:

Արա Խզմալյանը ցանկանում է, որ փառատոնն ամենամյա դառնա, քանի որ այդպես արցախցի հայրենակիցներին, սահմանամերձ համայնքների հայրենակիցներին հիշեցնում և ապացուցում են, որ նրանք մենակ չեն, և այն մտայնությանը, թե Հայաստանի և Արցախի կապերը տուժել են, մշակույթով է պետք  հակադրվել:

Սյունիքն ու Արցախը դեռ 2000 թվականից են եղել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ուշադրության կենտրոնում, երբ առաջին փառատոնն է այնտեղ անցկացրել ու ծանոթացել տեղի բնակիչներին, հողին ու ջրին:

«Պատերազմից հետո հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան անել, բայց չէի խիզախում: Մտածում էի, թե ինչպես անել, բայց մեզ խնդրեցին համերգներով ներկայանալ, և ես տեսա, որ անհրաժեշտ է մարդկանց ուժ ու կորով փոխանցել:  Արցախում և Սյունիքում մարդիկ անընդհատ շնորհակալություն էին հայտնում մեզ, իսկ այստեղ ասում էին, որ վտանգավոր է, պետք չէ գնալ: Մենք լուրջ հոգեբանական պատնեշներ էինք հաղթահարում: Բայց գիտեի, որ պետք է կազմակերպել փառատոնը: Չէի ընդունում մարդկանց շնորհակալությունը, որովհետև դա ոչ թե մեր առաքելություն էր, այլ պարտքը: Եթե չգնայի, ինձ լիարժեք մարդ չէի համարի: Ուրախ եմ, հպարտ, որ ինձ հետ իմ փոքրիկ զինվորներն էին»,-ընդգծեց Հեքեքյանը:

Նա խոստովանեց՝ երբ տեսել է Սյունիքի, Արցախի երեխաների տխուր հայացքները, հասկացել է, որ նրանք ուղղակի դրականի պահանջ ունեն, ուստի իրենք  պարտավոր են ձեռք մեկնել նրանց: «Սյունեցին, արցախցին հզոր ժողովուրդ է և իրավունք չունի ընկճվելու, հուսալքվելու, մենք իրավունք չունենք թողնել այդ մարզերը: Ես պատրաստ եմ ամեն ամիս գնալ այնտեղ և ոչ միայն իմ երգչախմբով, այլև  յուրաքանչյուր այլ խմբի հետ, պատրաստ եմ ապրել ու աշխատել այնտեղ՝ մարդկանց ոգևորելու համար: Մշակույթը զենք է, գործիք է, ժողովրդական դիվանագիտության լուրջ լծակ է, որը պետք է կիրառել»,-եզրափակեց Տիգրան Հեքեքյանը:

Յոթ օր տևած փառատոնի ընթացքում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի յուրաքանչյուր կատարում նվիրվել է բոլոր տարիների հերոս նահատակների հիշատակին, վերջին պատերազմում անմահացած, անհետ կորած, գերեվարված տղաներին։