«Մոնթեի երթ»` Շուշին հետ բերելու առաքելությամբ

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Մոնթեի երթը», որի մասնակցիները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ այնտեղ պատարագի մասնակցելու նպատակով։ Երթը նվիրված էր արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցին։ Նախաձեռնության մասնակիցները նշեցին, որ արարողությունն ամբողջությամբ ապաքաղաքական է և հիշեցում է հայության միասնական գաղափարախոսության մասին, որի վերաբերյալ նաև Մոնթեն է խոսել․ «Մենք պարտվելու իրավունք չունենք, սա պետք  է գիտակցել և անել ամեն ինչ՝ հաղթելու համար»։ Այս խոսքերն ընտրվել են նաև որպես երթի նշանաբան։ Սուրբ Սարգիս եկեղեցում քայլերթի նախաձեռնողներն ու մասնակիցները ներկա գտնվեցին հատուկ հիշատակի եկեղեցական արարողությանը։

Նախաձեռնության կազմակերպիչներից Արմինե Սահակյանի խոսքերով՝ եկող տարվանից մտադրություն կա ընդլայնել ակցիայի աշխարհագրությունը աշխարհի այլ երկրներով, որտեղ արում են մեր Սփյուռքի ներկայացուցիչները։

«Մոնթեի երթի» անցկացման գաղափարը ռուսաստանցի հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովինն է, որը 2013 թվականին այցելել է Արցախ և Հայաստան, ինչի համար ներառվել էր Բաքվի «սև ցուցակում»։

«Մենք պարտավոր ենք գիտակցել մեր պատասխանատվությունը մեր յուրաքանչյուր հերոսի առջև, ամեն ինչ անել, որ նրանց թափած արյան ոչ մի կաթիլը զուր չլինի։ Ես հույս ունեմ, որ ամեն տարի մենք նման երթով կհիշեցնենք համայն հայության նպատակի մասին և դա կանենք այնքան ժամանակ, մինչև այդպիսի երթ կարողանանք կազմակերպել Շուշիում»,- ասաց Արմինե Սահակյանը։