ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը. Վարդան Ոսկանյան

«Հայտնի գործարքի կնքման հետևանքով Մերձավոր Արևելքում Իրանը հանդես է գալու բոլորովին փոփոխված կամ ավելի հզորացած կարգավիճակով, ինչը լայն հնարավորություններ է բացում  նաև Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում»,- այսօր ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա դիտարմամբ, ակնհայտ է, որ իրանական կողմի համար 44-օրյա պատերազմի հետևանքներն ամենևին  ընդունելի չեն։

«Իրանցիները հասկացել են, որ այս տարածաշրջանն առերսվում է նոր մարտահրավերների ու վտանգների հետ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, միջազգային ահաբեկչությանը, որի դեմ Իրանը տարիներ շարունակ պայքարել է  Մերձավոր Արևելիքի տարբեր կետերում՝ Սիրիայում, Իրաքում և այլուր։ Հետևաբար այս համատեքստում ստեղծվել են  որոշակի հնարավորություններ իրանական կողմի հետ ամրապնդել ոչ միայն քաղաքական ու տնտեսական այն բոլոր օրակարգերի իրականացման հեռանկարները, որոնք մինչև այժմ գոյություն են ունեցել Հայաստան-Իրան հարաբերություններում,  այլ նաև ստեղծել համագործակցության նոր միջավայրեր, հարթակներ, որոնք ուղղված կլինեն հակաահաբեկչական համատեղ պայքարին կամ ավելի լայն իմաստով Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Նա նշեց, որ ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը, այսինքն, ըստ էության, դաշինքն առաջնային է դիտարկում ՀՀ անվտանգության տարբեր բաղադրիչները, այդ թվում նաև սահմանային անվտանգությունը, այն մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի  հետևանքով Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով և այս հարթությունում դաշինքը գնալու է երկու ճանապարհով.

«Հայաստանի հզորազում իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ, խոսքը վերաբերում է թե բանակին, թե անվտանգությունն ապահովող այլ բաղադրիչներին։ Երկրորդ ուղղությունը  միջազգային գործընկերների հետ գերակտիվ դիվանագիտական և գործընկերային աշխատանքի հարթությունն է և այդ հարթության մեջ Իրանն ունի չափազանց կարևոր դերակատարություն»։

Վ. Ոսկանյանն ասաց, որ դաշինքի համար հենց անվտանգային հարթությունում, ամենակարևոր ուղղություններից մեկը, բնականաբար, ՌԴ-ի հետ հարաբերությունների հնարավորին խորացումն ու ամրապնդումն է վստահելի և կանխատեսելի բարեկամական հարաբերությունների հարթակի միջոցով։

«Ըստ էության, մենք պետք է հայ-ռուսական հարաբերություններն վերածենք գործընկերային այնպիսի նոր որակ ունեցող հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, կդիտարկվի որպես վստահելի ու կանխատեսելի գործընկեր»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ նաև հայ-ռուսական հարաբերություններում ձևավորվել են նոր տիրույթներ. խոսքը վերաբերում է ռուս խաղաղապահերի ներկայությանը մեր տարածաշրջանում և ռուսական ռազմական ներկայության աճին մեր տարածաշրջանում։

Վարդան Ոսկանյանը հայտնեց, որ իրենք  նաև նախատեսում են եռակողմ և բազմակողմ ձևաչափերի ստեղծում գործընկեր և բերակամ պետությունների հետ։ Խոսքը վերաբերում է  Հայաստան-Իրան-Ռուսաստան գործակցության հնարավոր ձևաչափի ստեղծմանը, Հայաստան-Իրան-Հունաստան ձևաչափի վերակենդանացմանը, խորացնելու են հարաբերությունները հեռավոր Արևելքի երկրների հետ, բնականաբար խոսքը գնում է  Չինաստանի մասին։