«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեն ընտրողների 24.1%-ը, ՔՊ-ի օգտին՝ 23.8,%-ը, «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 7.4%-ը. «Գելափ»

«Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նա նշեց, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է  3,5 տոկոս , իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս։ ԲՀԿ-ն՝ 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս»,– ասաց նա և նշեց, որ 9,2 տոկոսը ոչ մեկին չի քվերակի։

Արամ Նավասարդյանը նշեց`հարցման արդյունքներով մոտ 51–52 տոկոսը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը։ Իսկ գործիչների աշխատանքը գնահատելիս՝ ամենաբարձր գնահատականը ստացել է մարդու իրավունքների պաշտպանը, մնացած բոլորի գնահատականը դրական տիրույթում չեն գտնվում։

«2,5 բալ ստացել է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 2,1 բալ, Սերժ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը՝ 1,8 բալ, Լևոն Տեր–Պետրոսյանը՝ 1,6 բալ, ամենացածր գնահատականը ստացել է Արթուր Վանեցյանը»,-ասաց նա։

Հարցին՝ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, հարցվածների 53,9 տոկոսը ասել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին. «Ավելի շուտ մասնակցելու է 10,3 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու՝ 12,8 տոկոսը, միանշանակ չի մասնակցելու՝ 22,7 տոկոսը»։

Արամ Նավասարդյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենանվազագույն ցուցանիշը գրանցել է Երևանում, իսկը «Հայաստան» դաշինքը՝ ճիշտ հակառակը։

Ներկայացնելով հարցման մեթադաբանությունը՝ նա նշեց, որ հեռախոսային հարցումներ են եղել, 1103 հոգի է մասնակցել, և այն անց է կացվել հունիսի 7-10 ժամանակահատվածում: