Ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր, հայտարարությունները Հանրայինում ևս
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցվածի վերաբերյալ.
- Նա իր խոսքում նշեց, որ Սյունիքի մարզում հանդիպում է իրականացրել` «հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելու» նպատակով: Հատուկ Արթուր Դավթյանի համար պարզաբանեմ՝ դատախազության սահմանադրական լիազորությունների մեջ հանցագործությունների կանխարգելումը չի մտնում։ Ավելին՝ ՀՀ-ում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Դատախազության լիազորությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ, ուստի առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, որ դատախազությունն իրեն վերագրում է լիազորություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ։
- Չեմ կարող չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ, այո, մասնավոր սեկտորի ներգրավվումը «կանխարգելելիչ խորհրդակցությունը» իսկապես աննախադեպ է, բայց որևէ տեսակի հանցագործության կանխարգելումը որևէ տրամաբանությամբ չի կարող տեղավորվել մասնավոր սեկտորի լիազորությունների մեջ: Ասեմ ավելին՝ այն կարող է դիտվել ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ պետական այն էլ քրեական հետապնդման մարմնի ուղիղ միջամտություն։ Ի հավելումն՝ ՀՀ օրենսդրությամբ մասնավոր ընկերությունը Արթուր Դավթյանի վկայակոչած` վարչարարության սուբյեկտ չէ, հետևաբար` հակասահմանադրական ձևաչափով խորհրդակցությունից հետո իբր վարչարարությունը ուժեղացնելու որևէ հնարավորություն կամ տրամաբանություն չունի։
- Խոսել իբր մտահոգ դիրքից ատելության խոսքի մասին և մեկ բառով անգամ չանդրադառնալ փաստացի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի արտահայտրթյուններին, որոնք նույնիսկ խուլիգանական բնույթի էին, ինքնին խոսում է Գլխավոր դատախազի հենց կախվածության, այլ ոչ թե անկախության մասին:
Ամփոփելով` Գլխավոր դատախազը որպես իրավաբան առնվազն պետք է սխալները ընդունելու կամք ու կարողություն ունենա, այլ ոչ թե փորձի «թեթև ձեռք» ու նման տերմիններով արատավորի իր ղեկավարած կառույցից ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմնի` Սահմանադրական դատարանին:
Կարծում եմ ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր, հայտարարությունները հանրայինում ևս: Հորդորում ենք մնալ բացառապես իրավական և քաղաքական չեզոքության տիրույթում, միաժամանակ ունենալ կամք` ուսումնասիրելու ժամանակավոր իշխանության կողմից վարչական ռեսուրսի իրական չարաշահման դեպքերը:
Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից