ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնության հնարավոր կասեցման հարցը. Բլինկենը՝ Մենենդեսին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ, ի պատասխան հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի հարցին, անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին այդ թվում ռազմական օգնություն տրամադրելու արգելքը շրջանցելու՝ ամիսներ առաջ կայացված որոշմանը:

Սենատոր Մենենդեսը, հարց ուղղելով պետքարտուղար Բլինքենին, շեշտել է, որ հիասթափված է ամերիկյան վարչակազմի՝ Ազատության աջակցման ակտիվ 907-րդ կետը շրջանցելու որոշումից, որով թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այդ թվում ռազմական օգնության ցուցաբերումը, և դա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ամիսներ առաջ կատարած հարձակումից հետո:

«Ամերիկյան վարչակազմի այս որոշումից հետո Ադրբեջանը փաստացի խախտեց Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքային ամբողջականությունը, ազատ չի արձակել պատերազմի ժամանակ գերեվարված հայերին, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Երբ ամերիկյան վարչակազմը թույլատրեց օգնության ցուցաբերումն Ադրբեջանին, մենք դրանով կանաչ լույս վառեցինք նրանց համար»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը:

Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինքենն ասել է, որ իրենք շարունակելու են դիտարկել այդ հարցը. «Մենք շարունակելու ենք դիտարկել հարցը: Ես ակտիվորեն աշխատել եմ սրա շուրջ: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորելու հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից: