Փաշինյանը մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձևով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը․ Դավիթ Հարությունյան

Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչափ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ նա հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ՝ դա ևս ակնհայտ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնը լքած Արա Այվազյանի հայտարարությանը:

«Եկեք նայենք, թե ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, երբ նա պայքարում է անվտանգության համար. դա զինված ուժերն են, երկրորդը՝ դիվանագիտական կորպուսը: Երեք տարի ամեն ինչ արվեց, որ ջախջախվեն մեր զինված ուժերը, որ կազմալուծվեն, նաև արվում էին քայլեր, որ ջախջախվի մեր դիվանագիտական կորպուսը:

Այսինքն այսօր ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ զինվոր չունենք դիվանագիտական մարտադաշտում»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ զենք, ռազմամթերք և վերազինել բանակը: «Նա  արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձևով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը: Նա արել է նաև այլ քայլեր՝ քայքայելու համար մեր զինված ուժերը և ակնհայտ է, թե ինչու: Զինված ուժերը այն կայացած կառույցն էին, որ իր համար վտանգ էին ներկայացնում: Նա փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը»,-ասաց նա: