Եթե մեզ չեն հավատում, թող նայեն, թե ինչ է ասում նրա ընկեր Ալիևը․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Մեր բանակը երբևէ սոված չի եղել, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով բանակի մասին իշխանության ձևակերպումները՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:

Նա իշխանության ձևակերպումները համարում է հարված սեփական բանակին:

«Հարց կարող են ուղղել իրենց ցուցակում ընդգրկված մարդկանց, ովքեր երկար տարիներ զբաղվել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրներով: Համոզված եմ, որ նրանք կփաստեն՝ բանակը սոված չի եղել: Բանակի զինվորը երբևէ ինչ-որ բան չի ճանկռտել», – նշեց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ սննդի բարելավում է եղել և մշտական տեղակայման վայրում, և մարտական հերթապահությունում:

«2016 թ. ես իր իսկ խնդրանքով ընդունեցի Փաշինյանին։ Նա եկավ իմ աշխատասենյակ և հարցրեց՝ ինչպե՞ս պատահեց, որ ապրիլյան պատերազմից հետո ավելի լավ կարգավորվեց առաջին գիծը, քան առաջ։ Ես նրա ներկայությամբ հավաքեցի պաշտպանության բանակի հրամանատարի համարը և հարցրի, թե քանի կիլոմետր են հակատանկային ամրացումները։ 483 կիլոմետրից նորից կարգի էր բերվել ընդամենը 6.7 կիլոմետր, նոր դիրքերի տեղամասերում։

Եթե մեզ չեն հավատում, թող նայեն, թե ինչ է ասում նրա ընկեր Ալիևը։ Ակնայում (Աղդամ) կանգնած՝ Ալիևն ասում է, թե ինչ ամուր են հայերը կառուցել ամրացումները»,- ընդգծեց Օհանյանը։

«Բանակը եղել է և կա։ Եթե նրանք իշխանությունում չլինեն, բանակն արագ կվերականգնվի»,- եզրափակեց նախկին նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում