Բայդենը հրաժարվեց հանդիպել Զելենսկու հետ՝ Պուտինի հետ գագաթնաժողովից առաջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտափոխվել է ուկրաինացի իր գործընկերոջ հետ ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովին ընդառաջ հանդիպում կազմակերպելու մասին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Axios-ին:

Հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին՝ ԶԼՄ-ները նշել են, որ Վաշինգտոնն իսկապես դիտարկել է Վլադիմիր Զելենսկուն հրավիրելու տարբերակը՝ Ժնևում Պուտինի հետ բանակցություններից առաջ:

Այնուամենայնիվ, հետագայում ամերիկյան առաջնորդի վարչակազմը հրաժարվել է այս հանդիպումից՝ Զելենսկու՝ «Նաֆտոգազ» պետական էներգետիկ ընկերության ղեկավարությունը փոխելու որոշման պատճառով: ԱՄՆ-ը համարել է, որ Ուկրաինան հրաժարվում է պայքարել կոռուպցիայի դեմ։

Ինչպես ասել է Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում, նա պատրաստ է հանդիպել Բայդենի հետ Ժնևում՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովին ընդառաջ, որպեսզի, ի թիվս այլնի, քննարկի «Հյուսիսային հոսք 2»-ը: Բայց, ըստ նրա, ԱՄՆ առաջնորդի ներկայացուցիչները կոնսուլտացիաներ չեն անցկացրել բանակցությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, Զելենսկին ամերիկացի գործընկերոջ հետ շփումն «այս կամ այն ձևով» հավանական է համարել։