Ենթադրելի է, որ հունիսի 20-ին ընդառաջ, ՀՀ-ում կլինեն նոր պատվիրված սպանություններ, վենդետաների աննախադեպ շղթայական ռեակցիա (տեսանյութ)
եթե իրավապահներն այժմյանից իրենց դերում չլինեն
Սկիզբը` այստեղ
Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) եղբոր` Արմեն Ասատրյանի սպանության դեպքի վայրից ՀՀ քննչական կոմիտեն նույն օրը` ս. թ. մայիսի 31-ին, լուսանկարներ ու տեսանյութ հրապարակեց:
Էջմիածնի «Զվարթնոց» թաղամասում գտնվող կամրջից 400 մետր հեռավորությամբ կատարված վերոնշյալ սպանության մասին հեռուստատեսությամբ չափազանց կարճ մի հաղորդումից վայրկյանների տարբերությամբ հաղորդվեց նաև, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու, կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել 10 հոգի: Շատ կարճ տեսանյութով ցուցադրվեց նաև նրանցից մեկը` հատակին պառկեցված…
ԶԼՄ-ների հրապարակումից հայտնի դարձավ, որ նրանք բերման են ենթարկվել Կոմիտասի պողոտայից, իսկ «Փաստինֆո»-ի հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ նրանց քանակը 10-ին էլ գերազանցում է ու հասնում մոտ 20-ի: Ոստիկանությունում ձեռնաշղթայով հատակին պառկեցվածներից մեկի ետևի մասում, գոտկատեղին, անդրավարտիքի արանքը խրված ատրճանակը վկայում է ոստիկանության իրականացրած փայլուն, կայծակնային գործողության մասին, որը թերևս աննախադեպ է վերջին տարիներին:
Ա՛յն, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու, կրելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել միանգամից 10 հոգի, ընդ որում, խոսքը ոչ թե հանրապետության կամ նույնիսկ Երևանի, այլ ոստիկանության հենց նույն բաժնի մասին էր, ինչպես նաև այն փաստը, որ նրանք բերման էին ենթարկվել Դոն Պիպոյի եղբոր սպանության օրը, տվյալ դեպքից շատ կարճ ժամանակ անց, չէր կարող ուշադրություն չգրավել ու չհակել այն մտքին, որ վերոնշյալ սպանության ու միանգամից նման մեծաթիվ անձանց ապօրինի զենք- զինամթերք պահելու, կրելու կասկածանքով ձերբակալելու, բերման ենթարկելու միջև ինչ-որ կապ կա:
Դոն Պիպոյի եղբոր սպանությունից և հիշյալ անձանց ձերբակալությունից կարճ ժամանակ հետո «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովն իր Թելեգրամ-ալիքում հայտնել է, իր ձևակերպմամբ, «Մանրամասներ Շիշ բռնողի բանդայի մասին», որի անդամներին նույն օրը` մայիսի 31-ին, ձերբակալել են ոստիկանները։
«Բանդան կազմակերպել և իրականացրել է Դոն Պիպոյի հարազատ եղբորը վերացնելու գործողությունը,- գրել է Գաբրելյանովը:- Էջմիածինցի հեղինակությունը շատ լուրջ կապեր ունի ոստիկանությունում և ԱԱԾ-ում։ Ակնթարթորեն իրականացվել է քիլերներին կալանավորելու գործողություն։ Տեսանյութի հայտնվելուց մեկ ժամ հետո ոստիկանություն եկավ իմքայլական պատգամավոր և Փաշինյանի աջ ձեռք, Շիշ բռնող մականունով ավազակը։ Պահի սրությունը խորացնում է նաև այն, որ Շիշ բռնողի հարազատ եղբայրը Նիկոլ Փաշինյանի օգնականն է և նրա ամենավստահելի մարդը։ Իշխանությունները մի քանի ժամ է՝ փորձում են ճնշում գործադրել ոստիկանության վրա, որպեսզի բաց թողնեն բանդային։ Ոստիկանությունը չի հանձնվում և հայտարարում է, որ քիլերներին բռնել են հանցանքի վայրում։ Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որպեսզի նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես, ինչպես ասել է նա, պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի մասին ամենագաղտնի բնույթի ինֆորմացիայի համար։ Թե ինչով կավարտվի այս ամենը՝ հայտնի չէ, բայց ինֆորմացիան ակնթարթորեն տարածվեց Հայաստանում, և անգամ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցներն են շոկի մեջ։ Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմն են հենց իսկական մարդ սպանողները»:
Խոսքը, ինչպես արդեն հասկանալի է, «Շիշ բռնող» մականունով հայտնի, «Ազգային ժողով» կոչվածի պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին է, որը, ինչպես արդեն ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա տեղեկացրել ենք, մտերիմ հարաբերություններ, լուրջ կապեր ունի նորատուսցի քրեական հեղինակություններ Ալիկ և Արա եղբայրների հետ, նրանք էլ` տարիներ առաջ մահացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Կանևսկոյ Արմենի» եղբոր՝ Արտյոմ Հարությունյանի (Արտյոմ Կանևսկոյի) հետ, որը, ըստ մամուլի հրապարակումների , Դոն Պիպոյի նկատմամբ ժամանակին կատարված անհաջող մահափորձի պատվիրատուն է:
Ի դեպ, ըստ Tert.am-ի հրապարակման , Երևանում, մեկ այլ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» հոր հուղարկավորության ժամանակ «Քյավառցի Ռաֆո» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ կատարված մահափորձի պատվիրատուն, ըստ այն ժամանակ շրջանառվող լուրերի, դարձյալ Արտյոմ Կանևսկոյն էր:
Շա՜տ զարմանալի զուգադիպությամբ Դոն Պիպոյի եղբոր սպանությունից ընդամենը 2 օր հետո` հունիսի 2-ին, Երևանի Աբովյան փողոցում քիլերի` 23-ամյա Ալեքսանդր Բուզմառևի կողմից մահափորձ է կատարվել Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ, սակայն արձակված գնդակի զոհ է դարձել նրա վարորդ- թիկնապահը` Հովհաննես Վարդանյանը:
Դարձյալ անդրադառնանք Հայկ Սարգսյանին:
«Երևանում իրավապահները ձերբակալել են վարձու մարդասպանների բանդա,- «Երևանում ձերբակալվել է մարդասպանների բանդա, որն անմիջական կապ ուներ «Շիշ բռնող»-ի հետ» վերտառության ներքո գրել է «Փաստինֆո» լրատվականը :- Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։ Ըստ նույն աղբյուրների՝ բանդան անմիջական կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» հետ։
Տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ բերման ենթարկված անձանց մոտ առկա են զենքեր»։
«Նշենք, որ ավելի վաղ թելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել՝ մարդասպանների բանդայի անդամների ձերբակալության վերաբերյալ,- նախորդ հրապարակումից քիչ անց գրել է նույն գրել է Pastinfo.am -ը:- Ընդ որում՝ ըստ շրջանառվող լուրերի՝ վերջիններս գործում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանու ներքո։
ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ Կոմիտասի պողոտայից, ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով անձինք են բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, նյութեր են նախապատրաստվում»։
Նյութեր են նախապատրաստվում, իսկ քրեական գործ հարուցվե՞լ է, մեղադրանքներ առաջադրվե՞լ են…
Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ քրեական գործը, եթե նույնիսկ արդեն հարուցված է, կարող է կարճվել, կամ բերման ենթարկվածների հիմնական մասին կարող է մեղադրանք չառաջադրվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվել:
Ավելին. իմքայլական պատգամավոր և Փաշինյանի աջ ձեռք Հայկ Սարգսյանի` հիշյալ բանդայի կամ զինված խմբի ղեկավար կամ հովանավոր լինելու վերը նշված հանգամանքն էլ, մեծ հավանականությամբ, կարող է հերքվել: Մանավա՛նդ, եթե ճիշտ է Գաբրելյանովի հրապարակած ու չհերքված վերոնշյալ տեղեկությունը, որ «Շիշ բռնող»-ի հարազատ եղբայրը` Նիկոլ Փաշինյանի օգնականն ու նրա ամենավստահելի մարդը, «Նիկոլից պահանջում է, որպեսզի նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես, ինչպես ասել է նա, պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի մասին ամենագաղտնի բնույթի ինֆորմացիայի համար»։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` հենց վերևից եկած ճնշումներից հետո է, որ ոստիկանությունից օրինապաշտ ինչ-որ մեկը որոշել է հիշյալ տեսանյութը հրապարակել, որպեսզի դրանից հետո այլևս հնարավոր չլինի զինված բանդայի կամ խմբի անդամներին բաց թողնել, նրանց մոտ ապօրինի զենք- զինամթերքի առկայության ու նրանց ոստիկանություն բերման ենթարկելու փաստը կոծկել:
Ի գիտություն` ՀՀ ոստիկանությանը և համապատասխան մյուս իրավապահ մարմիններին. մենք հետևողական ենք լինելու վերոնշյալ զինված բանդայի կամ խմբի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացման լուսաբանման հարցում: Կոծկել, պարտակել չի՛ հաջողվելու, կապիտուլյանտի, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի, թշնամու իշխանությանը, այսպես թե այնպես, շատ չի մնացել: Հայկ Սարգսյանի քրեական անցյալին ու ներկային էլ դեռ կանդրադառնանք…
Արթուր Հովհաննիսյան