Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. Gallup International Association․ armeniasputnik.am

Ըստ սոցհարցումների`եթե ԱԺ արտահերթ ընտրությունը կայանար այս կիրակի, ապա Փաշինյանին և Քոչարյանին տրվող քվեները գրեթե հավասար կլինեին։ Գրում է armeniasputnik.am-ը։

Արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին քվե տվողների թիվը գրեթե հավասարվել է։ «Gallup International Association» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ տվյալներ հրապարակեց` ներկայացնելով իրենց անցկացրած սոցհարցումների արդյունքները: Նավասարդյանի խոսքով ՝ մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցմանը մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22,4 տոկոսը, « Հայաստան» դաշինքի օգտին ՝ 20,6 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն կտա ընտրողների 4,2 տոկոսը, իսկ 3,9 տոկոսը որոշել է քվեարկել «Պատիվ ունեմ » դաշինքի օգտին, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի»», – ասաց Նավասարդյանը: Նրա խոսքով՝ փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժին՝ 7,8%-ը։ «Ստացվում է` Քոչարյանի վարկանիշը գրեթե եռակի աճել է»,– ասաց նա։

Հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի շատ կողմնակիցներ ունի գյուղերում ՝ 31,8 տոկոս։ Երևանում Փաշինյանի կուսակցությանը կողմ է արտահայտվել հարցվածների 15.1 տոկոսը, մարզային քաղաքներում՝ 19.4 տոկոսը։ ««Հայաստան» դաշինքի դեպքում հակառակ պատկերն է` ընտրողների 24,6 տոկոսը Երևանից է, 23,4–ը՝ այլ քաղաքներից։ Ամենացածր ցուցանիշը՝ 14,5 տոկոսը, գյուղական բնակավայրերում է»,- նշեց Նավասարդյանը։

Նա նաև հայտնեց, որ հարցվածների 55,3 տոկոսը միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11,9 տոկոսը` ավելի շուտ մասնակցելու է, 10,6 տոկոսը` ավելի շուտ չի մասնակցելու, իսկ 20,7 տոկոսը միանշանակ չի մասնակցելու։

Հարցվածների 1,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է հունիսի 20-ին։