Իրաքի շիաները նախազգուշացրել են Իսրայելին. «Մենք ձեզ ռմբակոծելու ենք»

Կարծում ենք, որ ռազմավարական կենտրոններում, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական շտաբներում այժմ իսկական խուճապ է: Նախկինում անհայտ իրաքյան շիա աշխարհազորայինների խմբավորումը, որն իրեն անվանում էր «Քաթաիբ ալ-Սաբիկուն», այս շաբաթ ևս մի նախազգուշացում տվեց Իսրայելին: Եբրայերեն հայտարարության մեջ ասվում է. «Եթե դուք համարձակվեք հարվածել մեզ, մենք ձեզ ռմբակոծելու ենք»: Հավանական է, որ այս հայտարարությունն իրականում արեց Իրաքի շատ քաջ հայտնի իրանամետ աշխարհազորայիններից մեկը, որը որոշեց թաքնվել նոր քողի տակ, հունիսի 4-ին գրել է իսրայելական «The Jerusalem Post» թերթը: «Քաթաիբ ալ-Սաբիկունի» նախազգուշացումը հաջորդել էր իսրայելցի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջերս արված մեկնաբանությանը, որն ասաց, որ անցած ամիս Գազայում ընթացող մարտերի ժամանակ Իրանը փորձեց «Իրաքից կամ Սիրիայից» մարտական ​​անօդաչու սարք ուղարկել Իսրայել: Հայտարարությունը նույնպես համընկնում է Վաշինգտոնի աճող մտահոգության հետ՝ կապված Իրաքում ԱՄՆ ներկայության դեմ շիական աշխարհազորայինների հարձակվողական արշավների աճող ինտենսիվության հետ, հատկապես այն տարածքներում, որտեղ այդ երկրում տեղակայված են ամերիկացի զինվորականները: Ավելին, ԱՄՆ մտահոգությունն արդեն մոտ է շփոթմունքի. միայն դա է կարող բացատրել այն փաստը, որ ամերիկացիները փորձում են Իրաքում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը (մինչև 65%) շիաներ են, սուննիների կողմից կազմակերպել «քաղաքացիական բողոքներ» Իրաքի քաղաքների փողոցներում: Այսինքն՝ ամերիկացիները դիմում են պետհեղաշրջման այն նույն սխեմային, երբ փոքրամասնությունը իրենց որոշումները պարտադրում է մեծամասնությանը, որոնք օգտագործվել են Ուկրաինայում 2014-ին, իսկ Հայաստանում՝ 2018-ին և կիրառվում են առայսօր, փորձ է արվում դա տարածել Մոլդովայում…

«Իրադարձությունների այս շարքերը կապված են իրար: Իրանի ռազմավարությունը Իրաքի վերաբերյալ պարզ է և ըստ էության հիշեցնում է Լիբանանում իրականացվող նախագիծը, որն արդեն ավարտին է մոտենում: Դրա օրինակը Թեհրանի վերոհիշյալ երեք հակառակորդների՝ Իսրայելի, ԱՄՆ-ի և ներքին հակաիրանական ուժերի վրա հարձակումն է: Նպատակը, որը նման է Լիբանանում արդեն ձեռք բերածին, ներկայացուցչական կառավարության պաշտոնական կառույցների պահպանումն է, բայց դրանք պետք է զուրկ լինեն ցանկացած իմաստալի բովանդակությունից: Իրանին ծառայող ռազմաքաղաքական կառույցները կվայելեն գործողությունների ազատություն և կունենան ռազմական ներուժ, որը գերազանցում է պետության անվանական ռեգուլյար ուժերը: Վերջինս, մինչդեռ, ամբողջովին հյուսվելու է Իրանի ուժային կառույցի մեջ: Այս նախագծով թշնամական քաղաքական ուժերը կճնշվեն կամ զգալիորեն կթուլանան: Այնուհետև երկրի տարածքը կօգտագործվի ինչպես Իսրայելի ուղղությամբ անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխման, այնպես էլ հրթիռների տեղակայման համար, որոնք կարող են հասնել հրեական պետության տարածք», – գրել է իսրայելական թերթը: Հրեաները կարծում են, որ նման սցենար վաղուց է իրականացվել Լիբանանում, որտեղ «Հզբոլլահ» շիական շարժումը ամենաարդյունավետ ուժն է՝ նույնիսկ տեղի բանակի համեմատությամբ: Եկեք շտկենք իսրայելցիներին՝ հիշեցնելով, որ «Հեզբոլլահը» վաղուց արդեն «շարժում» չէ, այլ քաղաքական կուսակցություն՝ իր ռազմական թևով, և դա ոչ միայն կուսակցություն է, այլև իշխող կուսակցություն, գոնե Լիբանանում: Բայց դա նաև ոչ միայն կուսակցություն է, այլև, մասնավորապես, «Ալլահի կուսակցություն», այսինքն՝ Աստծո: Այստեղից էլ գալիս է նրա ժողովրդականության մասշտաբը ինչպես Լիբանանում, այնպես էլ ամբողջ մահմեդական աշխարհում:

«Թեհրանը փնտրում է մասնատված, դիսֆունկցիոնալ կառույցներ, որոնց շրջանակներում միակ հզոր և համախմբված տարրը Իրանի կողմից աջակցվող ուժերն են: Այս նախագիծը ներկայումս ընթանում է Իրաքում, բայց դեռ չի ավարտվել: Թեհրանի նպատակների իրականացման էական խոչընդոտ է հանդիսանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության շարունակումը այդ երկրում: Հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ շիական աշխարհազորայինների երկարաժամկետ հարձակվողական արշավը Միացյալ Նահանգների դեմ կխստանա: Նպատակն է՝ ԱՄՆ-ին ստիպել հեռանալ», – շեշտում են «The Jerusalem Post»-ի վերլուծաբանները:

Ավելի վաղ «The Washington Post»-ում հաղորդվել էր, որ իրանական աջակցությունը ստանձնած աշխարհազորայինները կարողացել էին անօդաչու սարքի միջոցով 2021 թ. ապրիլին հարձակվել Իրաքում գտնվող «ԿՀՎ գաղտնի անգարի» վրա, վնաս պատճառելով Իրաքի հյուսիսում՝ Էրբիլում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտին: Մենք տեղեկացրինք Հայաստանի քաղաքացիներին այս ռազմական միջադեպի մասին: Իրանի շուրջ աճող լարվածության հետ կապված՝ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտահոգված է Թեհրանի կողմից Իրաքում մինչև 200 հեռահար հրթիռների տեղակայման հավանականությամբ, որոնք կարող են օգտագործվել հրեական պետության վրա հարձակման համար: Ենթադրվում է, որ Իրանն արդեն ունի հազարավոր հրթիռներ, որոնք ունակ են հասնել Իսրայելի տարածք, հիշում է «The Jerusalem Post»-ը: Հաշվի առնելով, որ վերջերս Գազայի հատվածից ավելի քան 1500 հրթիռ է արձալվել Իսրայելի վրա, մենք չէինք բացառի, որ անհրաժեշտության դեպքում տասնյակ հազարավոր հրթիռներ կարող էին հարվածել և խոցել Իսրայելին: Ինչ վերաբերում է շիա աշխարհազորայինների «Քաթաիբ ալ-Սաբիկուն» խմբավորմանը, ապա նրանք կարող են լինել իրաքյան (շիա) «Քաթաիբ Հեզբոլլահ» կուսակցության առավել ծայրահեղ արմատական ​​դաշտային հրամանատարները: Այդ կուսակցությունը 2014-21 թթ. բազմիցս հարձակվել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ հենակետերի, ամերիկյան և իսրայելական զինյալների և հետախուզական գործակալների վրա: 

Սերգեյ Շաքարյանց