Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնել է Արցախ

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։

Ամենայն Հայոց Հայրապետի շքախմբին և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը սահմանի վրա դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի եկեղեցականների հետ և ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդերեց Բորիս քահանա Գրիշինը։