Վահրամ Դումանյանը հանդիպել է ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Ազգային ժողովի՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի և Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի ուղեկցությամբ, եղել է նաև Գորիսի պետական համալսարանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ կայացած հանդիպումը բացել է ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ Վահրամ Դումանյանին և հյուրերին շնորհակալություն հայտնելով Սյունիք կատարած այցի շրջանակում համալսարանում հյուրընկալվելու համար:

«Բուհի օրհներգից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին պատերազմի զոհերի, որոնց թվում՝ ԳՊՀ-ի նահատակ ուսանողների, շրջանավարտների հիշատակը:

Ռեկտորը բացման խոսքում անդրադարձել է Սյունիքի մարզում բուհի ստեղծման կարևորությանն ու հիմնադրման պատմությանը, լավագույն ավանդույթների արդյունավետ շարունակականությանը, վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, ներդրված մասնագիտությունների տարածաշրջանային պահանջարկին ու արդիականությանը, բուհի նոր հայեցակարգով նախատեսվող առաջիկա աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ողջունելով ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, խոսել է բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների, նախատեսվող բարեփոխումների լայն շրջանակի մասին՝ մասնավորապես անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծին, դրա շուրջ ընթացող լայն քննարկումներին, օրենքով առաջարկվող փոփոխությունների կարևորությանն ու հրատապությանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև բուհական առկա հիմնախնդիրների, պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման և այլ խնդիրների լուծման համար նախատեսվող ու արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ծավալվել է անկաշկանդ և բովանդակալից հարց ու պատասխան:  Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները Վահրամ Դումանյանին ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնց շրջանակը վերաբերում էր, մասնավորապես, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվող բարեփոխումներին, մարզային բուհերի առջև ծառացած խնդիրներին, որոշ մասնագիտությունների գծով դիմորդների թվաքանակի նվազմանը, որակյալ կրթությանը, գիտության զարգացմանը:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ նմանօրինակ այցելությունները և մասնակցային քննարկումները կկրեն շարունակական բնույթ: