Բանակից հետո հերթը ԱԳՆ-ը քանդելն է

Ամենևին պատահական չէ այն ամենը, ինչ տեղի է ունենում ԱԳՆ-ում: Սողացող գործընթացի տակից ակնհայտորեն իր գլուխն է ցցում ինչ-ինչ պայմանավորվածությունների անտեսանելի պարույրը, որը` հետ-առաջի սկզբունքով ժամանակ է «շահում» իշխանությունների համար` ընտրությունները շեմելու, ինչ-ինչ գաղտնի, անտեսանելի պայմանավորվածությունները բուն խաղացողի (խաղացողների) հետ իրականացնելու համար:

Ընդ որում, նկատենք` Արա Այվազյանի հրաժարականը, փոխնախարարների հրաժարականների մասին խոսակցությունները տեղի ունեցան «ազգակործան պատուհասի» Եվրոպա այցի շեմին, ինչը ևս ուրույն մեսիջ էր բոլոր կողմերին, և ամենևին պատահական չէ Լևոն Տեր-Պետրոսյանի «բարբառումը»` Ռուսաստանը խոսում է միայն «ազգակործանի» հետ:

Ընդ որում, առաջին անգամ կարծես, ԼՏՊ-ն նույնպես «տվայտում է» այդ «զրույցի» շուրջ, որովհետև հիմնադիրն ակնհայտորեհ ևս ինֆորմացիայի դիֆիցիտ ունի. ասել է` մի բան է ենթադրելը, մեկ այլ բան` հստակ ինֆորմացված լինելը: Ինֆորմացված չէ:

Կարելի՞ է կարծել, որ «ազգակործանը» լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել Ֆրանսիայում` Արցախյան հարցում նոր զարգացումների, ԵԱՀԿ ՄԽ դերակատարության շեշտակի փոփոխության շուրջ:

Ոչ: Նախ, որ առջևում Բայդեն-Պուտին հանդիպումն է, որից հետո գոնե որոշակի հստակություն կմտնի խաղի մեջ, ինչից էլ կախված կլինի հայաստանյան ընտրությունների վերջնական ելքը, որովհետև ընտրություններում հաղթելու են ոչ այնքան ներքաղաքական ուժերը, որքան` գեոխաղացողները, և դատելով այս անգամ արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ օրվա բարձրաձայնումից` Սյունիքում միջանցքի հարց չի եղել ու չի լինելու, պետք է հասկանալ, որ արևմտյան խաղացողներն այս հարցում շատ ավելի մոտ են Հայաստանին, քան` Ռուսաստանը. ու «ազգակործանի» այցից անմիջապես հետո հնչած այս մտքերը ուրույն մեսիջ են` թույլ չեն տալու, չի ստացվում․ ցույց տուր հապա համապատասխան փաստաթուղթը:

Չնայած փորձագետների մի մասը չի բացառում, որ Ռուսաստանը դեմ չէ միջանցքի վերահսկողությանը, այդով` Ադրբեջանին դեպ իրեն քաշելու, ԵԱՏՄ ճամփեքին մերձեցնելու նշանառությամբ, այնուհանդերձ, խաղը բարդ կոնֆիգուրացիա է ենթադրում, ընդ որում, շատերը չեն բացառում թեժ զարգացումների ընթացք ևս:

Ի դեպ, խնդրո առնչությամբ կա ևս մեկ ծայրահեղ մոտեցում:

Այն է՝ ընտրության արդյունքները․ իշխանության ձայների բավարար քանակի դեպքում Սյունքում չընդունեն այդ արդյունքները, բունտ անեն, բողոքարկեն, ապստամբեն, հարց դնեն` Լեռնահայաստանը, այսպես ասած, առանձնացնելու մասով: Հասկանալի է` մի քիչ ծայրահեղ մոտեցում է, սակայն հայաստանյան վերջին երեք տարվա պատմությունը միայն ծայրահեղությունների պատմություն էր, անհնարին զարգացումների ու կորուստների պատմություն էր լոկ:

Ի դեպ. գործից որոշ «լավ» հասկացողներ պնդում են նաև, որ Սյունիքը միայն քաղաքական դարպաս` «միջանցք» չէ դեպ պանթուրքիստական «ամբողջատիրություն»՝ Կենտրոնական Ասիայով դեպ Չինաստան, որպես լավ մոռացված նյու-քաղաքական «օս»:

Այն նաև խոր տնտեսական «կատլավան» է, ուր ոսկե եղջյուրից հորդում են տրիլիոններ (որոշ հաշվարկներով` մոտ երկու-երեք տրիլիոն)` կոնկրետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի մասով, ուր էականը… (բռնվեք) ուրանն է, և թողնել այդքան մեծ հարստություն ազիկներից օկուպացված, հայոց իշխանությունների հրահանգով` թշնամուն թթու խոսք չասելու հրահանգ տված Հայաստանին, աշխարհում ոչ մեկը թույլ չի տա…

Ի դեպ. չենք մոռանում նաև Ամուլսարն ու Սոթքը. Ամուլսարում նույնպես «մրցակցության» մեջ է կարծես ուրանի և ոչ ոսկու հումքը:

Ուստի, նույն «ծայրահեղ» փորձագետների տեսակետով` 2018-ի հեղափոխությունը ոչ միայն «թավշյա ու ձեռքերը վեր հեղափոխություն» էր, այլև` թերևս առաջին հերթին` «հանքերի հեղափոխություն», որի հերթական զոհը հերթական հայոց կայացած ինստիտուտը` ԱԳՆ-ը դարձավ այս անգամ…

Իսկ թե ինչու է լռում հեռացած նախարար Արա Այվազյանը, կարծում ենք` ինքնին հասկանալի է: Խոսի` որ ի՞նչ ասի, երբ ինքը ևս այս մեծ «նախճիրի» պատասխանատուներից, կայացնողներից է…

Կարմեն Դավթյան