Ես հեռախոսը վերցրել ու ջնջել եմ տվյալ հոլովակը. Հայկ Սարգսյանը՝ աղմկահարույց միջադեպի մասին (տեսանյութ)

«Երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում, երբ ես ոչ աշխատանքային ժամին քաղաքում էի, ընկերներիս հետ, նկատեցի, որ ինչ-որ կին ինձ ու իմ ընկերներին հեռվից նկարում է, մոտենում է ինձ ու ընկերներիս՝ նկարելով»,- այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ ինքը խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել:

«Դա, բնականաբար, հաճելի չէր ո՛չ ինձ, ո՛չ իմ ընկերներիս: Այնուհետև տվյալ կինը մոտենում է ինձ՝ նկարելով: Ասաց՝ բարև ձեզ, ես «Հրապարակ» օրաթերթից եմ: Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, բայց նկարելով՝ շարունակում էր հարցեր ուղղել։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, ես աշխատանքի ժամի չեմ, գործի տեղում չեմ։ Իմ սահմանադրական իրավունքն է՝ շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել, ինչպես բոլորինը։ Ես, պատգամավոր լինելուց բացի, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ և պաշտպանված եմ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,-ասաց պատգամավորը:

Հայկ Սարգսյանը նշեց, որ ինքն ասել է, որ չի ցանկանում հարցերի պատասխանել, բայց լրագրողը շարունակել է հարցեր ուղղել. «Ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը, որ նկարել էր իմ կամքից անկախ: Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր պահի»,- մանրամասնեց պատգամավորը:

Տեսանյութը՝ News.am