Կիպրոսը լողալու համար ամենամաքուր ջրերն ունի

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության տվյալներով՝ լողալու համար ամենամաքուր ջրերն ունի Կիպրոսը, հայտնում է Greek City Times թերթը և հավելում, որ Կիպրոսի հարակից ջրերը 100 տոկոս մաքրություն ունեն։

Միջին հաշվով Եվրամիության՝ լողալու համար նախատեսված ջրերի 83,7 տոկոսը «գերազանց» վիճակում են գտնվում։

«Լողալու ջրի որակի և զբոսաշրջության միջև ուղիղ կապ կա։ Գերազանց արդյունքը կարևոր է ո՛չ միայն լողացողների և շրջակա միջավայրի առողջության, այլ նաև Կիպրոսի տնտեսության համար»,- նշել է երկրի բնապահպանության նախարար Կոստաս Կադիսը։

Հայտնի է, որ անցած շաբաթվանից Կիպրոսում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումները թուլացել են․ հունիսի 1-ից բարերում և ռեստորաններում սահմանափակումները վերացվել են, մինչդեռ աղոթատեղիները, թատրոնները և կինոթատրոնները գործելու են 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Տվյալ սահմանափակումները գործելու են մինչև հունիսի 31-ը։