Սա աղետ է, երբ ԱԳՆ-ի ամբողջ ղեկավարությունը հրաժարվում է կառավարության հետ աշխատել․ Թագուհի Թովմասյան

Մենք քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել. այսինքն մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոլապսի առջև է կանգնած: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Չկա մարդ, որ ներկայացնի մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը»,-ասաց նա:

Հարցին, թե գուցե դա էր պատճառը, որ այսօր 2020-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը հետաձգվեց, քանի որ ԱԳՆ-ը պետք է ներկայացներ իր հաշվետվությունը, Թովմասյանը նկատեց, որ բյուջեի քննարկումը ամենաոչէականն է այս դեպքում. «Նրանք որոշել են հեռանալ և պատասխանատվություն չկրել այն բոլոր քայլերի համար, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նրանք հետևողականորեն ազգային շահին դեմ քայլեր են իրականացնում, որի մասին բարձրաձայնեց Արա Այվազյանը: ԱԳ նախարարն ու փոխնախարարները չեն ցանկանում մասնակից լինել այդ դավաճանական գործողություններին: Սա աղետ է, երբ ԱԳՆ-ի ամբողջ ղեկավարությունը հրաժարվում է կառավարության հետ աշխատել: Հիմա երևի կլինեն հայտարարություններ, որ ԱԳ նախկին նախարարը նախկիններին է սպասարկում, երևի հանդիպել է նախկին նախագահներից մեկին, ինչպես եղավ ԳՇ պետի դեպքում»: