Կառավարությունը կամ առողջապահության նախարարը չի կարող ամեն օր գնալ և բոլոր դիահերձարաններում պտտվել, տեսնել ոնց է․ Փաշինյան

«Փոխել ենք դատաբժշկական  համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ գործ չէ, այստեղ կարևորը մտածողության խնդիրն է»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում պատերազմում զոհվածների դիերը անմարդկային պայմաններում պահելու փաստին: «Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերում պտտվել, տեսնել ոնց է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա մասնագիտական էթիկայի, կրթության խնդիր է:

Փաշինյանը հայտարարեց, որ այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր բժիշկներն ազատվել են աշխատանքից: Նիկոլ Փաշինյանը  լսելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի զեկույցը, եզրակացրեց, որ խնդիրը բժիշկների ոչ կոմպետենտության մեջ է և մեղադրեց հասարակությանը, որ երբ առողջապահության համակարգում բարեփոխումներ են իրականացրել՝ հասարակությունը բողոքել է, որ մարդկանց ազատում են աշխատանքից:

«Եթե տվյալներ ամփոփենք, ուզում եմ արձանագրենք նաև, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել, ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել, և նաև կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա հիսուն մասունք, որոնց դեպքում չորրորդ-հինգերորդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և պետք է դիմեն օտարերկրյա գործընկերներին, որոնք այս ոլորտում ավելի փորձառու են, որ օգնեն:

«Եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը, տարել են արտերկիր իրենց նախաձեռնությամբ և 99,9 տոկոսով պատասխանները եղել են նույնը»,-ասաց նա: