Կարկառ գետի գլխավոր հանգույցի շահագործման արդյունքում մինչև տարեվերջ 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում։ Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր  վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը նախ ծանոթացել է պետական միջոցներով կառուցվող Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի: Նախագահը հանձնարարել է ավելացնել աշխատուժի հնարավորությունները և համակարգն ամբողջությամբ շահագործման հանձնել տարեվերջին: Արդյունքում կայուն ոռոգովի կդառնան ենթաշրջանի ավելի քան 2 հազար հեկտար հարթավայրային գոտում գտնվող հողատարածքներ, որոնք էականորեն փոխելու են տարածքում գյուղատնտեսական մթերքների արտադրության տեսակարար կշիռը:

Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ է ունեցել Խանապատ և Խրամորթ համայնքների բնակիչների հետ: Քննարկվել են ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Բարձր գնահատելով երկու համայնքներում տեղահանված տասնյակ ընտանիքների տեղավորման աշխատանքները՝ նախագահն ընդգծել է, որ պետք է շարունակել գործընթացը՝ խոստանալով, որ Կառավարությունն այդ ուղղությամբ կակտիվացնի գործադրվող ջանքերը: Անդրադառնալով ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կասֆալտապատվի դեպի Խրամորթ տանող ճանապարհը, կշարունակվեն ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն պատշաճ լուծումներ:

Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, պաշտոնատար այլ անձինք: