Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից

Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից `կազմակերպության հանդեպ չվճարված պարտքերի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակին՝ ուղղված ԳԱ նախագահ Վոլկան Բոզկիրին:

Նշվում է, որ 19-րդ հոդվածի համաձայն, ՄԱԿ-ի անդամը, որն իր ներդրումները վճարելու հարցում պարտք է ունենում, իրավունք չունի քվեարկելու Գլխավոր ասամբլեայում «եթե նրա պարտքի չափը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիներին վճարման ենթակա ներդրումների չափին»:

Այնուամենայնիվ, Գլխավոր ասամբլեան կարող է թույլ տալ, որ անդամ երկիրը քվեարկի, եթե ընդունի, որ վճարման հետաձգումը պայմանավորված է տվյալ պետության վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով: