Կարելի է հետ բերել այդ պարգևավճարները, և բերելու ենք․ Իշխան Սաղաթելյան

Մենք քննարկում ենք, որ կարելի է այս 3 տարիների գողացածը հատ-հատ հետ բերել։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ադամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այս տարիներին պետական համակարգում տրված պարգևավճարներին։

«Կարելի է դա հետ բերել և ճիշտ նպատակին ծառայեցնել։ Սկսած համահայկական հիմնադրամի միջոցներից, որ մինչև հիմա հասկանալի չէ՝ ինչ ուղղությամբ են այդ միջոցները ծախսվել, վերջացրած պարգևավճարներից։ Ակնհայտ է, որ երեք տարի թմբկահարել են գողություն, թալան և այլն, տվել են ավելի շատ պարգևավճար, քան հետ են բերել։ Խոսքը 180 միլիոնի մասին է, որ պարգևավճար են տվել, բայց ինչքա՞ն են վերադարձրել։ Երեք տարի կերակրել են հասարակությանը, բայց ինչ էլ հավաքել են, իրենց պարգևավճար են տվել։ Դրա համար կարելի է հետ բերել և բերելու ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ հետագայում ո՞ր ուժերի հետ են հավանական համարում կոալիցիա կազմել, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք գնում են ամբողջական իշխանություն վերցնելու և նոր որակի իշխանություն ձևավորելու։

«Մենք որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չունենք և որևէ քաղաքական ուժի հետ նման հարց չենք քննարկել։ Մենք գնում ենք ամբողջական իշխանություն ձևավորելու։ Մնացածն արդեն հետընտրական շրջանի խոսակցություններ են։ Ամեն դեպքում մեզ համար կան կարմիր գծեր, որ կան քաղաքական ուժեր, որոնց հետ որևէ ձևաչափով չենք համագործակցելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 

Տեսանյութն՝ այստեղ