Արայիկ Հարությունյանը պետնախարար նշանակեց իր սանիկին, որը կատարում է իր և Փաշինյանի հրահանգները. Մետաքսե Հակոբյան

Ամիսներ առաջ Արցախի ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց Վահրամ Բաղդասարյանին, ինչը հակասահմանադրական էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, News.am-ի փոխանցմամբ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով, ԱԺ հանձնաժողովի բազմաթիվ քննարկումների ժամանակ իրենք փորձել են բացատրել, հասկացնել, որ օրենսդիր մարմինը անում է քայլ, որն ուղիղ կերպով հակասում էր Արցախի Սահմանադրությանը:

«Սահմանադրության համաձայն Հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է ունենա 10 տարվա ֆինանսական ոլորտում ստաժ, որը նա չուներ: Բայց իշխանական թևի պատգամավորները ցինիզմով կողմ քվեարկեցին և Սահմանադրությանը բացահայտ հակասող քայլով այդ պաշտոնում ընտրեցին Վահրամ Բաղդասարյանին: Դրանից հետո մեր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարությունը» և Արցախի ժողովրդավարական խմբակցությունը դիմեցինք դատարան և մայիսի 31-ին դատարանը որոշեց, որ Վահրամ Բաղդասարյանի նշանակումը հակասահմանադրական է եղել:

Բայց մինչ այդ Արայիկ Հարությունյանը հասկանալով, որ ԱԺ-ում թեկուզ փոքրամասնություն կազմող երեք խմբակցությունները կարողանալու են հաղթել իրեն, մայիսի 25-ին Վահրամ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ: Իրենք արդեն պլանավորել էին, թե ինչպիսի փոխատեղումներ անեն, որ պարտված դուրս չգան: ԱԺ նախագահը հունիսի 1-ին հայտարարում է, որ ընդունել է Վահրամ Բաղդասարյանի հրաժարականը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ հանուն Վահրամ Բաղդասարյանի նորից տարանջատվեցին պետնախարարի և ֆինանսների նախարարի պաշտոնները, որոնք միացվել էին ամիսներ առաջ. «Արայիկ Հարությունյանը չխորշեց նորից անջատելու այդ երկու պաշտոնները և Վահրամ Բաղդասարյանին նշանակեց Ֆինանսների նախարար: Պետնախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանը նշանակեց իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին, որը միշտ բարի, կառուցողական տեսք ընդունած կատարում է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հրահանգները»:

Մետաքսե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ այս իշխանություններից պետք է օր առաջ ազատվել, որովհետև դա է միակ փրկությունը. «Այս իշխանություններով մեր ապագան կործանումն է: Հունիսի 21-ին որոշվելու է հայի ճակատագիրը. Կամ կործանվելու ենք, եթե ընտրվեն այս իշխանությունները, կամ ապրելու ենք»,-ընդգծեց նա: