Մեզ միավորում է գիտակցումը, փորձառությունը և կամքը․ Ռուբեն Մելիքյան

«Մեզ միավորում է գիտակցումը, փորձառությունը և կամքը, իսկ այս ընտրությունները լինել չլինելու մակարդակի կարևորության հարց են լուծում»,-այսօր հրավիրված ասուլիսում ներկայացնելով նախաձեռնության ձևավորման շարժառիթները՝ հայտնեց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» համահիմնադիր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նկատեց, որ  կոմիտեի 5 անդամներին՝ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանին, և փաստաբան Անահիտ Սարգսյանին միավորում է իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձառությունը։

Մելիքյանը հայտնեց, որ կոմիտեն վերահսկողություն է իրականացնելու նախընտրական, ընտրական և եթե անհրաժեշտություն լինի, նաև հետընտրական ժամանակահատվածի համար։

«Մենք իրավական վերահսկողություն ենք իրականացնելու ողջ գործընթացի շրջանակներում՝ ուսումնասիրելու ենք ողջ տեղեկատվությունը, որը հասանելի կլինի»,- հայտնեց փաստաբան Անահիտ Սարգսյանը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում նաև հարցումներ են իրականացնելու տարբեր պետական իրավապահ մարմիններին և դատական հայցեր են ներկայացնելու դատարաններ։

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ 2015 թվականից իր ներկայացրած հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություններ է իրականացրել գերթե բոլոր համապետական ընտրություններում՝ բացառությամբ՝ 2018 թվականին անցկացվածի։

Նա հայտնեց, որ այս ընտրություններին ունենալու են 100 դիտորդ և իրականացնելու են շրջիկ դիտորդական առաքելություն։

«Մենք գործ ունենք նախընտրական բարձր դոզավորությամբ քարոզչության հետ և քաղաքական ուժերի նկատմամբ որևէ գործողության դեպքում լինելու ենք այնտեղ»,-հավելեց Նարեկ Սամսոնյանը։

«Որպես որևէ քաղաքական ուժի հետ որևէ աղերս չունեցող պատգամավոր, ես շատ ազատ եմ լինելու միջազգային իմ գործընկերների հետ աշխատելիս»,-հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և շեշտեց, որ օգտագործելու է իր կապերը Վենետիկի հանձնաժողովի, ԺՄԻԳ-ի, ԱՊՀ երկրների և տեղական դիտորդական խմբերի հետ։

Զոհրաբյանը հայտնեց, որ այս ընտրությունների բովանդակությունն արդեն իսկ արված տարբեր հայտարարությունները, վարչական ռեսուրսի ուղղակի օգտագործումը, հանրային նման հույզերի մթնոլորտը հիմք է տալիս ենթադրելու, որ աննախադեպ ընտրություններ են իրականացվելու։

«Ես ատելության խոսքի մի քանի դեպքեր, որոնք արձանագրվել է նաև ՀՀ օմբուդսմենի կողմից, արդեն ուղարկել եմ միջազգային գործընկերներին»,- հայտնեց Զորհրաբյանը։

Աղասի  Ենոքյանը հայտնեց, որ կենտրոնանալու է հանրային ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցների՝ Հ1-ի և Հանրային ռադիոյի վրա։

Նա շեշտեց, որ արդեն հավասարակշռության խախտում է արձանագրել և փաստեց, որ վերջին օրերին Պետրոս Ղազարյանը հրավիրել է միայն իշխանությունը ներկայացնող Ալեն Սիմոնյանին, Խաչիկ Սուքիասյանին, Վահան Քերոբյանին, Անվտանգության Խորհրդի քարտուղարին։

«Ռոբերտ Քոչարյանի թիմի շնորհանդեսը չէր լուսաբանվել, չէր լուսաբանվել նաև այն, որ նախորդ օրը Հանրապետության հրապարկում կազմակերպված համերգից առաջ եղել էր նաև զոհվածների ծնողների բողոքի ակցիա»,-հայտնեց Ենոքյանը։