Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն․ Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար

Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրի Կաապը անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի բանաձևերի։ Այս մասին հայտնել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Նիդերլանդները ընդգծում է երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։

«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ, և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Կոչ է արվում զորքերի անմիջապես հեռացում սահմանից և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին»,- շեշտել է ԱԳ նախարարը։