Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ  հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները:

Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Էմանուիլ Մակրոնի և Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։