Փաշինյանն արհամարհել է Մակրոնի՝ նոյեմբերի 9-ի հեռախոսազանգերը. ՀՅԴ Բյուրոյի անդամ. Yerkir.am

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է, որպեսզի քաղաքական մուրացկանությամբ լեգիտիմություն գտնի ընտրությունների նախաշեմին. Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Տեր-Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին:

«Մենք նրան չենք ճանաչում որպես վարչապետ, առավել ևս՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Նա ոչ թե հայկական պետությունն է ներկայացնում, այլ պարտության, ստախոսության, պետականության կործանման, մեր ազգի նվաստացման ու դավաճանության խորհրդանիշն է»,- ասել է նա:

«Հետաքրքական է իմանալ, թե ինչո՞ւ է Փաշինյանն այսօր դիմում նախագահ Մակրոնին, երբ 2020 թ. նոյեմբեր 9-ին արհամարհեց նույն Մակրոնի հեռախոսազանգերը, որոնք կարող էին կանխել այդ ամոթալի հայտարարության ստորագրումը»,- ասել է Հովսեփ Տեր-Գևորգյանը՝ հավելելով, որ Փաշինյանի այս այցելությունը սին քարոզչության ու ամբոխավարության հերթական ապացույցն է:

«Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում չէ, որ պիտի գտնի մեր այսօրվա աղետալի վիճակից դուրս գալու միջոցները: Ֆրանսիան իր հնարավորությունների սահմաններում զորավիգ է Հայաստանի Հանրապետությանը, և Փաշինյանն այս հարաբերություններում որևէ հավելյալ արժեք չունի. այս կացությունից դուրս գալու հիմնական արգելքն ինքն է, և լուծումը մեկն է ու միակը՝ իր անհապաղ հեռացումը»,- եզրափակել է ՀՅԴ Բյուրոյի անդամը