Իրաքում հարձակման էր ենթարկվել «ԿՀՎ գաղտնի անգարը»

Ամեն օր նոր գաղտնիքներ են բացահայտվում: Մայիսի 30-ին իսրայելական «The Jerusalem Post» թերթը, վկայակոչելով ամերիկյան քաղաքական դիտորդներ Ջոն Հադսոնի և Լուիզ Լավլակի հոդվածը «Վաշինգտոն փոստում», գրել է՝ պարզվում է, որ Իրանի կողմից աջակցություն ստացող շիա աշխարհազորայինները կարողացել են գրոհել «ԿՀՎ գաղտնի անգարը» Իրաքում ապրիլին՝ անօդաչու սարք (ԱԹՍ) օգտագործելով: Հարձակման հետևանքով վնասվել է Իրաքի հյուսիսում` Էրբիլ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտը: Եթե ​​Հադսոնն ու Լավլակը ճիշտ են, ապա մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում պատերազմը վերածվում է բոլորովին այլ գործողությունների, և այժմ աշխարհը (ինչը նշանակում է՝ նաև մենք Հայաստանում) պետք է պատրաստվի ամբողջ Մերձավոր Արևելքի «դեկորացիաների կտրուկ փոփոխությանը»: Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ Անդրկովկասը նաև Մերձավոր Արևելք է:

Այս կապակցությամբ ամերիկացիներն ու սիոնիստները գրում են, որ սա լարվածության լուրջ սրացում է, ինչը վկայում է Իրաքում իրանական պետության և նրա վստահված անձանց մանրակրկիտ պլանավորման և բարդ իրանական նոու-հաուի (know-how) մասին: Տեղի ունեցածը նշանակում է, որ Իրանը կարողացավ անօդաչու սարք (ԱԹՍ) հասցնել Իրաք, նույնիսկ ավելի վաղ՝ տեղեկություններ հավաքել ԱՄՆ գաղտնի օբյեկտի գտնվելու վայրի մասին և անօդաչու ինքնաթիռը հարվածելու համար ճշգրիտ ուղղել: Ապրիլին օգտագործված կամիկաձե անօդաչու սարքի տեսակը նման է այն սարքերին, որոնք Իրանը և նրա կողմից աջակցվող Հութի [հուսիտներ] ապստամբները Եմենում օգտագործում են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակումների ժամանակ, ինչպես նաև Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի դեմ օգտագործվող անօդաչու սարքերին: Այսպիսով, Իրանը տարածել է իր «անօդաչու սպառնալիքները» ողջ տարածաշրջանում: Այստեղ մենք շեշտում ենք. սա ընդամենը Իրանի պատասխան է՝ ԱՄՆ-ից և Իսրայելից բխող սպառնալիքներին․ 2010 թվականից ի վեր հենց Իրանի տարածքում են խփվել ամերիկյան և իսրայելական ԱԹՍ-ներ, իսկ իրանական անօդաչու սարքերը չեն խփվել ԱՄՆ-ում և Իսրայելում, հենց ԱՄՆ-ը և Իսրայելն են անընդհատ սպառնում Իրանին, այդ թվում՝ պատերազմով: Իրաքում տեղի ունեցած հարձակումը հատկապես ուշագրավ է այն լույսի ներքո, որ ամերիկյան հենակետերը պետք է ունենան պաշտպանության որոշակի ձև այս հայտնի և աճող սպառնալիքի դեմ: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար (CENTCOM, պատասխանատվության ոլորտում ներառում է նաև Մերձավոր Արևելքը), գեներալ Քեննեթ Մակքենզին նախազգուշացրել է տարածաշրջանում վերջին մեկ տարվա ընթացքում ԱԹՍ-ների սպառնացող վտանգի մասին: Այս մասին նա նախազգուշացրեց 2020 թ. մարտին և կրկին՝ 2021 թ. փետրվարին: «Մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսել հակաօդային պաշտպանության համակարգերի վրա: Ես մտահոգ եմ, որ նրանք դեռ սպառնում են մեզ: Բայց ես նաև քաջալերված եմ, որ մեր հրամանատարությունը փորձարկում է այդքան շատ նոր և ավելի արդյունավետ հակաօդային համակարգեր»,- ասաց նա 2020 թ. մարտին ԱՄՆ սենատի լսումների ժամանակ: ԱՄՆ-ը Իրաք է ուղարկել «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության (ABM) համակարգեր, C -RAM և այլ պաշտպանական միջոցներ՝ օդային սպառնալիքները չեզոքացնելու համար: ԱՄՆ-ի բանակը ձեռք է բերել նաև «Երկաթե գմբեթ» իսրայելական տակտիկական հակահրթիռային պաշտպանության համակարգի երկու մարտկոց, որոնք կարող են օգտագործվել ԱԹՍ-ների դեմ, չնայած դա կապված չէ Իրաքում  ներկայիս աճող սպառնալիքի հետ: Բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի խանգարել Էրբիլում վնաս հասցնել «ԿՀՎ գաղտնի անգարին»:

«ԿՀՎ գաղտնի օբյեկտի» դեմ Իրաքում օգտագործված կամիկաձե անօդաչու սարքի տեսակը անհայտ է: Դա կարող է նմանվել իրանական «Ababil» կամ «Qasef» ԱԹՍ-ներին, կամ էլ՝ ինչպես պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն է անվանում իր անօդաչու ինքնաթիռը`«Shehab»: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հարձակման թիրախը կարող էր լինել ԿՀՎ-ի տուրբո-պտուտակային ինքնաթիռներից մեկը պարունակող անգարը, կամ՝ ԱՄՆ-ի Հատուկ գործողությունների հրամանատարության օբյեկտ, որոնք հետախուզական գործողություններ են իրականացնում Էրբիլից: Հաղորդումներ եղան նաև այն մասին, որ հարձակման ենթարկված անգարում գտնվում էին ամերիկյան հետախուզական և հարվածային ԱԹՍ-ները: «Եթե իրաքյան աշխարհազորային զինված խմբավորումները, Իրանի աջակցությամբ, անօդաչու սարքեր օգտագործեին՝ թիրախավորելու անգարին, որտեղից իրականացվում են ԱԹՍ-ների թռիչքները, դա կարող է լինել ԱԹՍ-ի և մյուս ԱԹՍ-ի միջև մարտերի սակավաթիվ դեպքերից մեկը: Իրանական ապարատների օգտագործմամբ Իրաքում ամերիկյան անօդաչու թիրախների թիրախավորումը կարող է լինել մի տեսակ նոր անօդաչուական «աշխարհակարգ», որը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, մանավանդ, եթե Իրանը գիտեր, որ այս անգարը օգտագործվում է ԱԹՍ-ներից  հսկելու համար, որոնք մի օր կարող են օգտագործվել Իրանում կամ Իրաքում իր սեփական ուժերի դեմ… Միացյալ Նահանգները, առնվազն պետք է մտահոգվի, որ Իրանը հետախուզական տվյալներ է հավաքում ամերիկյան գաղտնի օբյեկտների վերաբերյալ, և ապագայում նա կկարողանա տարածաշրջանում օգտագործել ավելի ճշգրիտ հրթիռներ և ԱԹՍ-ներ», – եզրափակում է «The Jerusalem Post»-ը:

18 օրից հետո Իրանը կունենա նոր նախագահ՝ կառավարության ղեկավար: Մեր Հայաստանի ճակատագիրը կորոշվի մոտավորապես նույն օրերին: Իրադարձությունը, որը նկարագրվել է «Վաշինգտոն փոստի» և «The Jerusalem Post»-ի կողմից, չնայած դա տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքում, և ոչ թե Անդրկովկասում, կարող է ազդարարել նաև մեր Անդրկովկասում կտրուկ փոփոխությունների մասին:

Սերգեյ Շաքարյանց