Առողջապահության նախարարուհին, նախկին նախարարը հավակնում են վերարտադրվել և շարունակել առողջապահության ոլորտի ավերը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա.Ավանեսյանին լրագրողը հարցնում է, թե հանուն ինչի՞ է ընդգրկվել ՔՊ ցուցակում, որին նա պատասխանում է` «Որպեսզի առաջ տանեմ այն քաղաքականությունը, որը վերջին 3 տարիների ընթացքում ապահովել է առողջապահության ոլորտում կտրուկ աճ և քաղաքացիների կյանքում կոնկրետ փոփոխություններ են եղել»։

https://www.youtube.com/watch?v=oC3B1hPRhIE

Կրկին հիշեցնում ենք Ա․Ավանեսյանին, որ առողջապահության ոլորտը, իր և Ա․Թորոսյանի ապաշնորհ կառավարման, տգիտության հետևանքով ու անձնական դրդապատճառներով պայմանավորված, հետևողականորեն վնասվել է։ Մասնավորապես․

  1. Սկսած 2018թ-ից՝ իրականացվել են ոչ թե բարեփոխումներ, այլ դրանց իմիտացիա, շոուներ և համակարգային ձախողումներ, կազմաքանդումներ: Կառավարությունից իջած օպտիմալացման առաջարկները 2018թ. հուշում էին պետական կառավարման մարմիններին «չկաշկանդվել օրենսդրական կարգավորումներով»: Այսինքն, եթե առաջարկները նույնիսկ հակասեին գործող օրեսդրությանը՝ հոգ չէր: Այդպես ՁԻԱՀ-ի կենտրոնը հակառակ գործող օրենսդրությանը, որն առ այսօր սահմանում է, որ երկրում պետք է գործի նման կենտրոն, փաստացի ապօրինի լուծարվեց:
  2. Կենտրոնի 50-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում բժիշկ-համաճարակաբաններ, վիճակագիրներ, լաբորանտներ, ինֆեկցիոնիստներ, ընտանեկան բժիշկներ, այլ նեղ պրոֆիլի բժիշկներ, լաբորանտներ, բուժքույրեր, մոնիտորինգի և գնահատման ու այլ մասնագետներ, ոլորտի բազմափորձ կազմակերպիչներ ազատվեցին աշխատանքից: ՁԻԱՀ-ի կենտրոնի հսկայական ռեսուրսը, մասնագիտական զգալի ներուժը ի նպաստ չդրվեց ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, այլ անտեսվեց, արհամարհվեց և փոշիացվեց։ ԱՆ-ը շարունակեց նրանց նկատմամբ հալածանքները անգամ աշխատանքից ազատելուց հետո՝ հետապնդելով նրանց ու ներքին խողովակներով թույլ չտալով հմուտ ու փորձառու բժիշկներին խիստ պահանջարկի պայմաններում անցնելու պետական ծառայության անգամ համավարակի և պատերազմի ժամանակ: Նրանց մի մասն առ այսօր գործազուրկ է ու շարունակում է հալածվել սեփական տեսակետի արտահայտման համար:
  3. Նշված մասնագետները կարող էին վերլուծել համաճարակային գործընթացները, կանխատեսել զարգացման միտումները, վերծանել վիրուսի գենոմը, որոշել վիրուսի Հայաստան ներթափանցման ուղիները, իսկ վերջին ամիսներին կատարել զոհվածների նույնականացման լաբորատոր աշխատանքներ:
  4. Մասնագետները կարող էին իրականացվել այս բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները կնպաստեին համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցառումների մշակմանը, որոնք սակայն Կենտրոնի փլուզման պատճառով չիրականացվեցին:
  5. Դեռ 2020թ. մարտ ամսին ՁԻԱՀ-ի կենտրոնից ազատված մասնագետների խումբը աշխատեց և կազմեց համաճարակին հակազդման ռազմավարական պլանի նախագիծը համաճարակի զարգացման մոդելավորմամբ՝ կանխատեսումների սցենարներով, որը ներկայացվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով, որտեղից էլ այն ներկայացվեց պարետատուն, սակայն անտեսվեց ԱՆ կողմից:
  6. Ժամանակը ցույց տվեց, որ համաճարակը զարգացավ հենց այդ կանխատեսումներին համահունչ, որին ԱՆ-ն չկարողացավ համարժեք հակազդել, որի արդյունքում ունեցանք անհամեմատ մեծ մարդկային կորուստներ:
  7. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերածումը կորոնակենտրոնի պարալիզել է հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունների արդյունավետ կառավարումը և բացահայտորեն իմաստազրկել ՁԻԱՀ-ի կենտրոնի հետ միացման առանց այդ էլ ի սկզբանե անհեթեթ ԱՆ «հիմնավորումները»:
  8. Ա․Թորոսյանը սկզբում շփոթեցրեց հանրությանը հակասական ուղերձներով (դիմակների արդյունավետության, սովորական գրիպին նմանեցման և այլն), ծաղրով, հետո իր ղեկավարած գերատեսչության հանցավոր ինքնավստահությունը, սեփական անզորությունը, քայլերի անհետևողականությունն ու անտրամաբանականությունը փորձեց քողարկել պրիմիտիվ մանիպուլյացիաներով, որի արդյունքում կառավարությունը իրավիճակի մեղավոր նշանակեց ՀՀ քաղաքացուն:
  9. Առողջապահական համակարգի կոլապսի պատճառով քովիդով բազմաթիվ հիվանդներ պատշաճ բուժօգնություն չստանալով՝ տներում մահացել են կամ հոսպիտալիզացվել են ուշացումով, երբ կյանքը փրկելն արդեն հնարավոր չէր: Իսկ պլանավորման բացակայության պատճառով բուժաշխատողների ռեսուրսը անխնա մսխվել է, սպառվել ու հյուծվել՝ իր բացասական ազդեցությունը թողնելով բուժսպասարկման որակի վրա: Քովիդից մահացածների դիահերձման արգելումն անհիմն է եղել, չի նպաստել բժշկագիտության զարգացմանը, իսկ հարազատներն առ այսօր զրկված են հանգուցյալներին նորմալ պայմաններում հուղարկավորելուց:
  10. Վարման միասնական մոտեցման բացակայության պայմաններում, բազմաթիվ, երբեմն հակասական սխեմաների, արտահիվանդանոցային պայմաններում ակնհայտ անվերահսկելիության հետևանքով զարգացել և խորացել է հակաբիոտիկների նկատմամբ դեղակայունությունը իր բոլոր բացասական հետևանքներով։
  11. Ա. Թորոսյանը քովիդի դեմ պայքարի ժամանակ կատարեց բազմաթիվ թանկարժեք գնումներ, բայց չստեղծեց պետական սեկտորում բավարար քանակի և հզորության լաբորատորիաներ, որպեսզի հետազոտության կարիք ունեցողները կարողանային հետազոտվել անվճար, ստիպված չլինելով դա անել վճարովի։ Դրանով ապահովվեց մասնավոր լաբորատորիաների գերշահույթը և ավելացվեց բնակչության վրա ընկած առանց այդ էլ հսկայական բեռը:
  12. Ա․Թորոսյանը և Ա․ Ավանեսյանն անտեսել են նաև համաճարակի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ողջամիտ և տրամաբանական մասնագիտական առաջարկները, իսկ անպատրաստվածությունն ու անգործությունը, ժամանակավրեպ և ուշացած որոշումները բերեցին անվերահսկելի զարգացումների, որի պատճառով պետությունը ծախսեց ու շարունակում է ծախսել հսկայական միջոցներ: Սա անարդյունավետ պայքարի դասական օրինակ է:
  13. Նախարարության մատուցմամբ կառավարությունը պատրանք է ստեղծել, որ համավարակի խնդիրը ամենևին առողջապահական համակարգից դուրս է, իսկ առողջապահական համակարգի դերը հանգեցվել է ընդամենը անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիների սպասարկմանը, ինչը դարձյալ կատարվել է թերի:
  14. Բացակայել է ֆինանսական միջոցների, այդ թվում օգնության ձևով ստացված, ծախսման և կառավարման թափանցիկ հաշվետվողականությունը: Նախկինում պետպատվերով փոխհատուցման անձնական շարժառիթներով պայմանավորված կամայական գնագոյացման ու բաշխման մոտեցումները ոչ միայն չեն վերանայվել, այլ ցուցաբերվել են հերթական պոպուլիստական մոտեցումները՝ ավելի ցայտուն դարձնելով սեփական ամբիցիաները բժշկական կազմակերպությունների հաշվին լուծելու ցանկությունները:
  15. Համայնքային նշանակության, այդ թվում սահմանամերձ գյուղերի ծննդատների փակումը չի բխել ՀՀ պետական շահերից:

Պետական միջոցների սակավության պայմաններում, անտեսելով բազում հորդորները, քայլեր չեն արվել, որպեսզի գործարարների լայն շերտերն իրենց նպաստը բերեին մարզերի համաչափ զարգացմանը և բարձր տեխնոլոգիական բուժսարքավորումներով հագեցմանը:

  1. Ա․ Թորոսյանի կողմից կատարվել է պետբյուջեի միջոցների ակնհայտ վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին: Պետբյուջեից կես միլիոն դոլարով գնվել է սարք, որն իրականում, ոչ մի կերպ չի արագացրել նույնականացման գործընթացը: Կամ ԱԹ-ն մեծամտաբար կարծել է, որ ամենագետ է և կրկին չի խորհրդակցել մասնագետների հետ, կամ նա ուներ այլ շարժառիթներ ու շահագրգռվածություն այս թանկարժեք գնումը կատարելու համար։ Համենայնդեպս, պետական բյուջեից մսխված գումարների հաշվին ականատես եղանք Թորոսյանի կողմից բեմադրված ևս մեկ՝ գերթանկարժեք «PR ակցիայի»: Ա․Ավանեսյանն ԱԺ–ում հնչեցրած ստերով փաստացի փորձել է քողարկել Ա․ Թորոսյանի անհիմն վատնումները:
  2. Վերջապես, առողջապահական համակարգի քինախնդիր պատասխանատուներ Ա․Թորոսյանի և Ա․ Ավանեսյանի քայլերը այդպես էլ ուղղված չեղան բժշկական աշխարհի միավորմանը, այլ ընդհակառակը՝ հետևողական պառակտմանը և մասնատմանը, ապօրինությունների կատարմանը, այնպիսի արատավոր բարքերի սերմանմանը, ինչպիսիք անձնական հավատարմության սկզբունքով յուրայինների և օտարների բաժանումն է, բացառապես իր մտերիմներին առանց պաշտոնի պահանջներին համապատասխանության, գիտելիքի և փորձի պաշտոնների նշանակումը, անձնական շարժառիթներով ոչ պետականամետ որոշումների կայացումն ու պետպատվերի բաշխումը:

Այս բոլոր ձախողումների հեղինակը ՔՊ ընտրական ցուցակի 10–րդ և 15-րդ տեղերը զբաղեցնող Ա. Թորոսյանն ու Ա․ Ավանեսյանն են իրենց թիմակիցներով: Նրանք հավակնում են վերարտադրվել և շարունակել գործած ավերն առողջապահության ոլորտում։ 

Հակահամաճարակային ալյանս