Նյութեր են նախապատրաստվում Միհրան Պողոսյանի կողմից փաստաթղթերի կեղծման առերևույթ հիմնավորմամբ. փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից կեղծ փաստաթուղթ ներկայացնելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

«Նա որոշակի ժամանակահատված սովորել է Ռուսաստանի բուհերից մեկում, ինչը, ըստ օրենսդրության՝ հնարավորություն է ընձեռում այդ ժամանակահատվածը դիտարկել՝ որպես ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածին հավասարեցված։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչն է կեղծված, որովհետև երբ մենք հարցում էինք կատարել համապատասխան բուհ, ստացել ենք տեղեկատվություն, որ երկրորդ տեղեկանքն իրենց կողմից չի տրամադրվել։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում փաստաթղթերի կեղծման առերևույթ հիմնավորմամբ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ֆիդանյանը։

Արդյո՞ք Միհրան Պողոսյանի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը որևէ հետևանք կունենա նրա նկատմամբ, քանի որ ԴԱՀԿ նախկին պետն ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում, այս հարցի առնչությամբ Արա Ֆիդանյանն ասաց, որ այս պահին ստուգումներ են իրականացվում։

«Նախապես չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կունենա, որովհետև անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունեմ։ Եթե ստուգումների արդյունքում կրկին խնդիրներ լինեն, ապա համապատասխան ընթացք կտրվի»,- ընդգծեց Արա Ֆիդանյանը։