«Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նպատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբների աշխատակիցների հետ, հայտնում են «Հայաստան» դաշինքից։

Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ շտաբային աշխատանքներին ներգրավվելու համար՝ նշելով տեղում դաշտային աշխատանքի կարևորությունը։

«Պետք է հավատաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք և ճիշտ աշխատանք եք կատարում։ Առանց հավատի ոչ մի գործ հաջողություն չի ունենում։ «Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նպատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ», – ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Իշխան Սաղաթելյանն էլ հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։

«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը», – եզրափակել է Սաղաթելյանը։