Ապաշրջափակման հարցով աշխատանքները չեն շարունակվում. Մհեր Գրիգորյան

Գաղտնի փաստաթուղթ չի կարող լինել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ ապաշրջափակման հարցով աշխատանքները չեն շարունակվում։

«Այս աշխատանքներն արդյունավետ կլինեն ու արդյունք կտան, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն, այս իրավիճակում ու սահմանում այս իրադրության պայմաններում ես չեմ կարծում, որ կոնստրուկտիվ է աշխատանքն այդ հարթակում, այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են», – ասաց նա։

Մհեր Գրիգորյանը վստահեցրեց՝ միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել ու չի քննարկելու ու հնարավոր էլ չի քննարկել նման հարց։

«Եթե միջանցք անվանելով` ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ՝ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում», – ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։