Եթե կեղծ չեն ՊՆ կոչվածի հավաստումները, թշնամու զինծառայողները սպանել, գերեվարել են ՀՀ ԶՈւ հրամկազմից ոմանց թողտվությամբ, մեղսակցությամբ

Հրապարակային հարցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

 

1.Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները Գեղարքունիքի մարզում ս. թ. մայիսի 25-ին ՀՀ պետական սահմանի խախտումը և կրտսեր սերժանտ Գ. Խուրշուդյանի սպանությունը թե՛ տարածքների, թե՛ իրենց նկատմամբ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության պայմաններո՞ւմ են իրականացրել…

Ադրբեջանի ԶՈւ զինված զինծառայողներն իրենց նկատմամբ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության պայմաններո՞ւմ են մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, շրջափակել, ապա գերեվարել ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի:

Ընդգծում եմ, որ վերոնշյալ լիարժեք վերահսկողության մասին «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» հավաստել է իր ս. թ. մայիսի 23-ի հայտարարությամբ , մայիսի 19-ի հայտարարությամբ , մայիսի 18-ի հայտարարությամբ , մայիսի 15-ի հայտարարությամբ :

2.Եթե ՊՆ կոչվածը չի կեղծել, ս. թ. մայիսի 19-ին հերթական անգամ հանդես չի եկել կեղծ և ամպագորգոռ հայտարարությամբ , թե «Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր» (ընդգծումները` մերը), ապա Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները Սյունիքի մարզում 25.05.2021թ. կատարած գործողությունները դեռ չհաշված, միայն Գեղարքունիքի մարզում ս. թ. մայիսի 25-ին ինչպե՞ս են 5 գործողություն կատարել` հատել ՀՀ պետական սահմանը, հետո առաջացել, վեճի մեջ բռնվել մեր զինծառայողների հետ, կրակ բացել նրանց ուղղությամբ ու նույնիսկ սպանել նրանցից մեկին` Գ. Խուրշուդյանին:

3.Ինչո՞ւ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ս. թ. մայիսի 25-ին ծառայություն իրականացնող ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանման հրամանատարի կամ նրան չկրակելու հրաման տված վերադաս հրամանատարի (ընդհուպ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կամ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» համապատասխան պաշտոնյայի) կողմից զինվորական կանոնադրության խախտման, ժամանակին համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու, ՀՀ պետական սահմանը չպաշտպանելու կամ առնվազն պատշաճ չպահպանելու և չպաշտպանելու փաստերի առթիվ քրեական գործ չի հարուցվել:

4.Ինչո՞ւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և (կամ) ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի կողմից ՀՀ պետական սահմանի տվյալ, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների այն հատվածներում, որտեղից թշնամու զորախմբերը համապատասխանաբար ս. թ. մայիսի 13-ին և 12-ին մտել են Հայաստանի Հանրապետության տարածք, ՀՀ պետական սահմանի պահպանությունը ժամանակին չկազմակերպելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել:

5․Եթե «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» հիշյալ հայտարարություններում առկա վերը մեջբերված հավաստումները կեղծ չեն, համապատասխանում են իրականությանը, այսինքն` Ադրբեջանի ԶՈւ զինված զինծառայողներն իրենց, ինչպես նաև վերոնշյալ բոլոր տարածքների նկատմամբ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության, դրա արդյունքում նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից զրկված լինելու պայմաններում են սպանել կրտսեր սերժանտ Գ. Խուրշուդյանին, գերեվարել ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել այն փաստի առթիվ, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից վերոնշյալ հանցագործությունները կատարվել են ՀՀ ԶՈւ հրամկազմի համապատասխան պաշտոնյաների թողտվությամբ, մեղսակցությամբ, եթե ոչ նաև գիտությամբ ու պետական դավաճանությանը մասնակցությամբ:

6.ՀՀ գլխավոր դատախազի կամ դատախազության կողմից վերոնշյալ անգործությունն արդյոք չի՞ հանդիսանում քաղաքական կոռուպցիայի ակնհայտ վկայություն` ի նպաստ դեռ իշխող վարչակարգի:

Սույն հարցմանը 5-օրյա ժամկետում Ձեր պատասխանի բացակայության պարագայում ինձ (կարծում եմ, նաև հանրության գերակշիռ մասին) մնում է հրապարակայնորեն եզրակացնել, որ Ձեր և ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը պայմանավորված է հենց քաղաքական կոռուպցիայով: Եվ սա դեռ ամենամեղմ եզրակացությունը կլինի…

 

Արթուր Հովհաննիսյան

ՀՀ քաղաքացի, LIVEnews.am լրատվական կայքի վերլուծաբան