Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից․ Լիլիթ Մակունցը՝ դիտորդների տեղակայման մասին

Սոթք-Խոզնավար հատվածում դիտորդներ տեղակայելու առաջարկին եղել է ԵԱՀԿ համանախագահության արձագանքը, ԱՄՆ-ի կողմից, Կանադայից, Լիտվայից։ Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արձագանքը նաև որոշակի չափով պատրաստակամություն էր ենթադրում դիտորդներ տեղակայելու»,-նշեց նա։

Մակունցի խոսքով՝ Փաշինյանը վերջին երկու օրերին արդեն նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է սկսել խոսել մնացյալ քայլերի վերաբերյալ, սակայն  Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ տարածքից հեռանալուց հետո․

«Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից․ կլինեն, երբ Ադրբեջանն արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին այդ առաջարկն ընդունելու վերաբերյալ և հայելանման կերպով հետ քաշի զինված ուժերը ՀՀ տարածքից»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, Մակունցը հայտարարեց, որ Փաշինյանը նշել է՝ խոսք եղել է բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, ոչ թե միջանցքի։

ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին էլ անդրադարձավ իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ նշելով․

«Բազմիցս արդեն խոսվել է թե՛ վարչապետի, թե՛ խորհրդարանական մեծամասնության կողմից, որ մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները, որ առաջացած խնդիրը կարգավորենք, և ՀԱՊԿ-ը ևս ունի իր կառուցակարգերը, որոշակի ժամկետները։ Բնականաբար, տեմպի առումով մենք կցանկանանք, որ ավելի արագ տեղի ունենա, սակայն, մյուս կողմից, դա մեզ նաև չի դնում այնպիսի վիճակի մեջ, որ դադարենք ինչ-որ գործողություններ անել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ԱԳ նախարար պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԽ նիստից հետո հրաժարական է ներկայացրել, արդյո՞ք դա առնչություն ունի դիտորդների տեղակայման առաջարկի հետ, Մակունցն ասաց․ «ԱԽ նիստից առաջ վարչապետը Արա Այվազյանին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի վերաբերյալ նրա կողմից առնվազն առարկություն չի հնչել։ Մնացյալ դրդապատճառների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ»։