Լրագրողների հետ առերեսվելու Նիկոլի վախը նրանցից մեկից գնդակահարվելուց չէր, այլ նրանց սպանիչ հարցերից, դրանք էին վերածվելու գնդակների

Հաղորդում հանցագործության մասին

 

Լրագրողների հետ առերեսվելու Նիկոլի վախը նրանցից մեկից գնդակահարվելուց չէր, այլ նրանց սպանիչ հարցերից, դրանք էին վերածվելու արճճե, ո՛չ, Նիկոլի պարագայում ճիշտ կլինի ասել` արծաթե գնդակների…

Մարդը որքա՞ն պետք է անբարոյական ու սրբապիղծ լինի, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը և մեր պետականությունը կործանման եզրին հասցնելուց (ոմանց գուցե ծայրահեղական գնահատմամբ` կործանելուց) հետո, դեռ համարձակվի մասնակցել Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, և այդ նպատակով գնա Սարդարապատի հուշահամալիր:

Երբեմնի ոչուբարով լրագրողն ու խմբագիրը, որը ժամանակին ճամարտակում էր լրագրողի ու մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, որքա՞ն պետք է անբարոյական և օրինախախտ լինի, որ Սարդարապատի հուշահամալիր իր այցելությունից առաջ, ընթացքում ու դեռ մի որոշ ժամանակ էլ հետո այնտեղ իր վեցանոցների միջոցով անօրինականորեն արգելի լրագրողների մուտքը, բացառությամբ յուրային ու ձեռնասուն «Հանրային հեռուստաընկերություն» կոչվածի, որը սոսկ անվանումով է հանրային, իսկ իրականում հանդիսանում է ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի պտուտակներից մեկը: Այսպե՞ս են Հանրապետության տոնը տոնում… Էլ ի՞նչ տոն…

Իրեն անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի Նիկոլ Փաշինյանի վախը, անշուշտ, պայմանավորված չէր նրանով, որ այնտեղ լրագրողներից մեկը կարող էր իր դիակը (այս բառի փոխարեն ուզում էի այլ բառ օգտագործել, բայց դե…) փռել ասֆալտին:

Լրագրողների հետ առերեսվելու Նիկոլի վախը նրանց հարցերից էր` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ՀՀ տարածքները դավաճանական թողտվությամբ թշնամուն հանձնելու, Սյունիքում գտնվող մեր կամավորականներին նախապես, մինչև մայիսի 12-ը զինաթափելու վերաբերյալ: Նաև այն մասին, թե մեր երկրի տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներին ոչնչացնելու, գերեվարելու փոխարեն, այդ ինչո՞ւ և ինչպե՞ս նրանց թույլ տրվեց, որ ՀՀ տարածքում գտնվելով ու թվակազմով Հայաստանի ԶՈւ զինծառայողներին զիջելով հանդերձ, դեռ իրենք մեր զինծառայողներից մեկին սպանեն ու 6-ին էլ գերեվարեն: Եվ շատ ուրիշ հարցերից Նիկոլը վախենալու պատճառներ ունեն` լինելով, թեկուզ, «կռուտիտների» վարպետ:

Երեկ առավոտվանից ոստիկանները փակել էին դեպի հուշահամալիր տանող մայրուղին: Միջոցառումը լուսաբանելու իրավունք ստացել էր միայն «Հանրային հեռուստաընկերություն» կոչվածը: Եթե նրա համապատասխան աշխատակիցները հարգեին իրենց մասնագիտությունը, տեսնելով արգելափակոցից այն կողմ մնացած իրենց գործընկերներին ու մասնագիտական համերաշխություն դրսևորելով, անշուշտ, պետք է բոյկոտեին ու հրաժարվեին միջոցառումը լուսաբանել: Բայց…

ՀՀ ոստիկանությունը, ճիշտ է, նախապես հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, Առաջին հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Սակայն հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար լրագրողների մուտքն արգելելու մասին, ինչն աննախադեպ է, նախկինում երբևէ նման արգելք չի եղել:

Ընդգծենք, որ ոստիկանության հաղորդագրության մեջ լրագրողների մուտքն արգելելու մասին որևէ խոսք չէր էլ կարող լինել, քանի որ դա օրինախախտման ակնհայտ ինքնախոստովանություն կլիներ հենց նույն ոստիկանության կողմից: Ի դեպ, վերոնշյալ արգելքը վերջին 3 տարվա ընթացքում ոստիկանության կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը հանցավոր ու լկտի կերպով խոչընդոտելու առաջին դեպքը չէ: Անշուշտ, շատ մոտ ապագայում այդ ամենի համար հարկադրված են լինելու պատասխան տալ:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը.

«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» (ընդգծումները` մերը):

Նույն հոդվածի 3-րդ մասը և 3-րդ մասի 3-րդ կետը, ըստ որի, արգելվում է «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»:

Ավելորդ չեմ համարում հիշեցնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), որով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Վերը շարադրվածը նկատի ունենալով, ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից պահանջում եմ սույն հրապարակումը համարելով հանցագործության մասին հաղորդում, քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ:

 

Արթուր Հովհաննիսյան