Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հավատում է, որ Չինաստանը մինչև 2030-2035 թվականները կտիրի Ամերիկային. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացի զինվորականների հետ հանդիպմանն ասել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համոզված է առաջիկա 10-15 տարում Չինաստանի՝ «Ամերիկան գրավելու» պատրաստակամության հարցում։

Այս մասին ԱՄՆ նախագահի ելույթի տեքստը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Բայդենը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ խոսել է «ժողովրդավարությունների և ավտոկրատիաների (անձնիշխանություն) միջև պայքարի» մասին:

«Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել Չինաստանի ղեկավար Սիի հետ, քան աշխարհի մյուս առաջնորդները՝ 24 ժամ անձնական հանդիպումներ միայն նրա և թարգմանչի հետ. 17 հազար մղոն (մոտ 28 000 կմ,-խմբ.) ճանապարհորդություն նրա հետ Չինաստանում և այստեղ: Նա վճռականորեն հավատում է, որ Չինաստանը մինչև 2030-2035 թվականները կտիրի Ամերիկային, քանի որ ավտոկրատիաները կարողանում են արագ որոշումներ կայացնել», – ասել է Բայդենը:

Միևնույն ժամանակ, ըստ Fox News-ի, ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ, շփոթել է և նկատի է ունեցել, որ Չինաստանը, ենթադրաբար, «կտիրանա Ամերիկային» 2035 թվականին:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը հայտարարել էր, որ կան շատ ոլորտներ, որոնցում Վաշինգտոնն ու Պեկինը կմրցեն: Այդ ոլորտներն են միջազգային կարգի կանոնները, տնտեսությունը և այլն: Այնուամենայնիվ, ըստ նրա, կան նաև ոլորտներ, որոնց շուրջ պետությունները կարող են համագործակցել:

Հիքսի խոսքով՝ Պենտագոնն այն կարծիքին չէ, որ Չինաստանի հետ զինված բախումն անխուսափելի է, բայց երկրները պետք է փորձեն խուսափել երկկողմ հարաբերություններում լարվածության անհարկի էսկալացիայից: