Վրաստանում «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող ակտիվիստների և ոստիկանների միջև բախումների ժամանակ 8 մարդ է ձերբակալվել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 8 մարդու են ձերբակալել ոստիկանների հետ «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրավիճակը կրկին լարվել է, երբ «Նամահվարի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող մարդիկ մոտեցել են Գումաթի գյուղի մոտ ոստիկանների տեղակայած երկաթե արգելապատնեշներին և սկսել քարերով հարվածել դրան: Ավելի ուշ ակտիվիստները փորձել են կոտրել այն, բայց ոստիկանները խոչընդոտել են դրան, ինչից հետո սկսել է բախումը:

Ցուցարարները պահանջում են իշխանություններից չեղարկել ՀԷԿ-ի կասկադի շինարարության մասին պայմանագիրը, չեղարկել տարածքը թուրքական ընկերության սեփականությանը փոխանցելու մասին պայմանավորվածությունն ու քրեական գործ հարուցել երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի նկատմամբ:

ՀԷԿ-ի շինարարության տարածքը 570 հեկտար տարածություն է զբաղեցնում Քութայիսի մերձակայքում: Ցուցարարները պնդում են, որ տվյալ տարածքում, որտեղ մտադիր են իրականացնել շինարարությունը, տասնյակ բնակելի տներ և անտառային զանգված է գտնվում:

«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաներ Վրաստանում շարունակվում են արդեն ավելի քան 5 ամիս: Վերջերս ակցիաներ տեղի չէին ունենում, քանի որ կառավարությունը որոշել էր կանգնեցնել 100 մետրանոց ամբարտակի կառուցումը 9-12 ամսով, քանի դեռ ևս մեկ անգամ գիտական հետազոտություններ չեն կատարվել:

«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, պարբերաբար հետաձգվել է 2009 թվականից: Կառուցումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցման աշխատանքներն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը: