ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) այսօր հայտարարություն են տարածել օրերս Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողի գերեվարման առնչությամբ:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք համանախագահների հայտարարությունը.

«Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին 6 հայ զինծառայողի բերման ենթարկելու տեղեկությունը և կոչ են անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և բոլոր պահվող անձանց՝ բոլորը` բոլորի դիմաց սկզբունքով:

Համանախագահներն ընդգծում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան` պահվող անձանց հետ վարվելու պարտավորությունը: Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները մտահոգությամբ ի գիտություն են ընդունում նաև Հայաստան-Ադրբեջան ոչ գծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին վերջին մի քանի հաղորդագրությունները: Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է: Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր, այդ թվում՝ զորքերի տեղափոխում ձեռնարկել, իրավիճակն ապաէսկալացնելու և բանակցություններ սկսել սահմանի խաղաղ սահմանագծման և սահմանազատման համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին նպաստելու հարցում:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում գործել իրենց հովանու ներքո»: