Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու Ոստիկանությունը ժամը 07։00-ից փակել են Սարդարապատի մուտքը լրագրողների ու քաղաքացիների համար

Չնայած նրան, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ մայիսի 28-ի կապակցությամբ Սարդարապատ տանող ճանապարհը և մուտքը քաղաքացիների համար փակ է լինելու ժամը 08։00-ից մինչև 11։00-ը, սակայն Ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, ծառայողներ ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության` Պետական պահպանության ծառայության ծառայողներ ժամը 07։00-ից փակ են պահում Սարդարապատի մուտքը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև լրագրողների համար։ Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին:

Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը:

168.am-ի լրագրողները դիմել են ՄԻՊ գրասենյակ՝ հայտնելով, որ խոչընդոտվում է իրենց աշխատանքը և հայտարարության մեջ լրագրողների աշխատանքի սահմանափակման մասին ոչինչ ասված չի եղել։