Մենք իրականում չունենք ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, դրանց ղեկավար կազմը ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանության մաս կազմողների կուտոկ է

Քանի որ ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հասավ նրան, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրեց տվյալ պաշտոնին բացարձակապես անհամապատասխան անձնավորություն` Վաղարշակ Հարությունյանը, այդ առումով Հարությունյանից չեն տարբերվում նաև նրա տեղակալները: Լսեցիք կամ կարդացի՞ք, թե այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ինչ է բլթացրել նրանցից Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմաններին տիրող իրավիճակին:

Հարցին, թե արդյոք մեր զինվորներին հրամա՞ն է տրվել չկրակելու, նա պատասխանել է` «Նման հրահանգ չի կարող տրված լինել»:

Հետաքրքիր է` Արման Սարգսյանը լո՞ւրջ է ասում… Բա որ նման հրահանգ չի կարող տրված լինել, այսինքն` չի տրվել, մեր զինվորները, տեղերում նրանց հրամանատարներն ինչո՞ւ են թույլ տվել, որ Ադրբեջանի ԶՈւ զինված զինծառայողները ոչ միայն չորս տեղից, չորս ուղղությամբ (Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների սահմանային հատվածներում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի և Կութի մոտ գտնվող սահմանային հատվածներում) հատեն ՀՀ պետական սահմանը, այլև Սյունիքում, Սև լճի մոտ 3.5 կիլոմետր առաջանան ՀՀ տարածքում:

Բա որ մեր զինծառայողներին չկրակելու հրահանգ չի կարող տրված լինել, այսինքն` չի տրվել, նրանք ինչո՞ւ են թույլ տվել, որ ՀՀ վերոնշյալ բոլոր սահմանային հատվածներում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ս. թ. մայիսի 18-ի դրությամբ իրենց, ընդհանուր առմամբ, շուրջ 50-ի հասնող, համենայն դեպս, 200-ից պակաս թվաքանակը մայիսի 20-ի դրությամբ հասցնեն 500-600-ի (այս վերջին թվերը ), իսկ այսօր կեսօրվա դրությամբ արդեն մոտ 1000-ի: Այս վերջին թիվն էլ այսօր` մայիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդուարդ Ասրյանը:

Բա որ առանց չկրակելու հրամանի (կամ, ինչպես Արման Սարգսյանն է ասել, հրահանգի), ՀՀ ԶՈւ զինծառայողները չեն կրակել ու թույլ են տվել վերը շարադրվածը, այսինքն` խախտելով զինվորական կանոնադրությունը, չեն կատարել ՀՀ պետական սահմանը պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու իրենց սրբազան պարտականությունը (ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մաս), ինչո՞ւ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» կամ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարությունը վերոշարադրյալ փաստերի, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ, 366-րդ և այլ հոդվածներով նախատեսված արարքների առնչությամբ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին կամ զինվորական դատախազին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արման Սարգսյանի համար եթե խորթ չլիներ «սպայի պատիվ» հասկացությունը, արդեն պետք է հրաժարական տված լիներ թեկուզ միայն նրա համար, որ իր ղեկավարած նախարարությունն ինչպես 2020թ. պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա շարունակում է հանրությանը կեղծ ու հակասական տեղեկատվություն մատուցել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդուարդ Ասրյանն ընդգծել է (https://news.am/arm/news/645811.html ), որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականները լուրջ առաջադրանքներ իրականացնելու հնարավորություն չունեն: Ասրյանի բացատրությունից ստացվում է, որ նա ադրբեջանական զինվորականների կողմից վերջին ընդամենը մի քանի օրում իրենց շարքերի մոտ քսանապատկումը, մեր զինծառայողներից մեկին սպանելը (բախտերս բերել է, որ դեռ մեկին են սպանել, կարող էին մի քանիսին սպանել), 6-ին գերեվարելը կամ առևանգելը թշնամու կողմից լուրջ առաջադրանքների իրականացում չի համարում: Սակայն սա դեռ մի կողմ, քանի որ յուրաքանչյուրն իր պատկերացումը կարող է ունենալ, թե ինչ ասել է լուրջ առաջադրանքներ:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ասրյանը կամ «Գլխավոր շտաբը շարունակում է պնդել, որ ադրբեջանական ստորաբաժանումները շրջափակման մեջ են` միաժամանակ թիկունքից ունենալով մատակարարման մեկ ուղի»: Բնականաբար, հարց է առաջանում` այդ ի՞նչ շրջափակման մասին է խոսքը, երբ թշնամու ստորաբաժանումները թիկունքից ունեն մատակարարման թեկուզ մեկ ուղի… Ուրեմն դա շրջափակում չէ, այլ կիսաշրջափակում:

Որ ադրբեջանական ստորաբաժանումները շրջափակման մեջ են, գլխավոր շտաբի պետի տեղակալին ընդհանրապես հնարավոր չէ հավատալ նաև այն առումով, որ և՛ գլխավոր շտաբը, և՛ ՊՆ կոչվածը նախկինում բազմիցս են ստել: Ահա այդ ստի թարմ օրինակներից մեկը.

ՊՆ կոչվածը ս. թ. մայիսի 19-ին հերթական անգամ հանդես գալով կեղծ և ամպագորգոռ հայտարարությամբ , հայտնեց, թե «Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր» (ընդգծումները` մերը):

Եթե ՊՆ կոչվածի վերոնշյալ հավաստումները կեղծ չլինեին, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները դրանից հետո չէին կարողանա թիկունքից համալրել, բազմապատկել իրենց շարքերը, առաջանալ ՀՀ տարածքում, կրակահերթեր արձակել, սպանել մեր զինծառայողներից մեկին, վեցին էլ գերեվարել կամ առևանգել:

Հնարավոր է նաև հաջորդ տարբերակը. հիշյալ հավաստումները կեղծ չեն, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից վերոնշյալ հանցագործությունները կատարվել են ՀՀ ԶՈւ հրամկազմի համապատասխան պաշտոնյաների և ՊՆ կոչվածի ղեկավարության թողտվությամբ, մեղսակցությամբ, եթե ոչ նաև գիտությամբ ու պետական դավաճանությանը մասնակցությամբ:

Վերը շարադրվածից բխում է, որ մենք իրականում չունենք ՊՆ և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ, դրանց ղեկավար կազմը ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանության մաս կազմողների կուտոկ է, որոնց պետք է նվազագույնը ցրել, համապատասխան պաշտոնյաների նկատմամբ հարուցել քրեական գործեր ու նշված մարմինների ղեկավար կազմերի ձևավորումը սկսել զրոյից:

 

Արթուր Հովհաննիսյան