Գեղարքունիքում ՀՀ սահմանը հատելու, հայ զինծառայողներին գերեվարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Դատախազություն

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Կութ գյուղի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, 27.05.2021թ. շրջափակման մեջ վերցնելով ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներին շրջափակման մեջ գցելու, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով նրանց առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության տարածք տեղափոխելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին»,-ասել է նա: