6 հայ զինվորների գերեվարման փաստով ԱԺ խոսնակը նամակներ է հղել խորհրդարանների նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի հետևանքով ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող:

Արարատ Միրզոյանը նախազգուշացրել է իր գործընկերներին, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը:

Ըստ այդմ, խորհրդարանի նախագահը կոչ է արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից: