Ինչո՞ւ եք լռում․ ձեզանից յուրաքանչյուրը զբաղված է բուկլետներ տպելով․ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմության լռությունն այս իրավիճակում ինձ համար անհասկանալի է, այն պետք է որ հիմա փողոցներում լիներ, պետք է հանրահավաք հրավիրեր, իրավիճակը ներկայացներ ժողովրդին և պահանջեր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Դիմելով ընդդիմադիր քաղաքական ուժերին` նա ասաց. «Ինչո՞ւ եք լռում: Ձեզանից յուրաքանչյուրը զբաղված է բուկլետներ տպելով: Հասկանո՞ւմ եք, որ վաղը կարող է ուշ լինել, և ձեր քարոզչությունը, ձեր բուկլետները ոչ մեկին պետք չեն լինի: Ժողովուրդն արդեն արել է ամեն ինչ, ինչ կարող էր, հիմա հերթը ընդդիմությանն է»:

Ըստ նրա` երբ Հայաստանն արժանի բանակցող ունենա, խնդիրները կլուծվեն, իսկ Փաշինյանն ի վիճակի չէ բանակցել:

Նա հավելեց, որ Փաշինյանը չունի իր իշխանությունը վերարտադրելու ռեսուրսներ, եթե ընտրություններից առաջ կամ հետո այլ ուժերի հետ կոալիցիա չկազմի: «Բոլորը պետք է հայտարարեն, որ չեն համագործակցելու ներկայիս իշխանությունների հետ: Հակառակ դեպքում, եթե Նիկոլը կրկին ստանձնի իշխանությունը, դա կլինի մեր պետականության պատմության վերջին էջը: Բոլոր նրանք, ովքեր նման քայլի կգնան, դավաճաններ են: Հայաստանում չկա իշխանություն, բայց կա մի մանյակալ պոպուլիստ, ով վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հունիսի 20-ին փակվի Նիկոլի և «նիկոլիզմի» վերջին էջը»,- հավելեց պատգամավորը: