Ադրբեջանն օգտվում է առիթից՝ խորացնելու հայ-ռուսական հարաբերությունների ճեղքը. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Աննախադեպ և անթույլատրելի է ստեղծված իրավիճակը։ Նախ պետք է ախտորոշել նման զարգացումների պատճառը,- «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում հայտարարել  է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Գործիչը արձանագրեց, որ Ն. Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում ուղղակի մեղադրել է  Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի մեջ։ «Ադրբեջանը, նկատելով, որ այս հարաբերությունների մեջ կա ճեղք, կա խնդիր, օգտվեց այդ  առիթից, գերեվարեց մեր հայ զինծառայողներին, որպեսզի  այդ ճեղքն ավելի խորացնի»,- հայտարարել է Ա. Վանեցյանը։

Նրա արձանագրմամբ՝  Փաշինյանը և կապիտուլյանտ իշխանությունը ինչքան մնան երկրի ղեկին, այնքան ունենալու ենք նույնքան խնդիրներ։

«Բանաձևել եմ.  Նիկոլ Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, հավասար է նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ։ Ցավոք սրտի, այդ բանաձևը գործում է մինչև օրս։ Նիկոլը կանգ չառավ և շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը»,- ընդգծել է նա։

Հարցին՝ ՀՀ ԶՈւ-երը կդիմե՞ն կտրուկ գործողությունների ՀՀ սահմաններին ստղծված իրավիճակը կայունացնելու համար՝ Վանեցյանը պատասխանեց.

«Վերջին մի քանի օրերում ականատես ենք եղել,  որ փոխարենը ՀՀ զինված ուժերը կիրառեն զենք, մեր երկրի արտաքին սահմանները պաշտպանելու համար, նրանք  ձեռնամարտի են բռնվում հակառակորդի հետ։ Ասում են՝ կա պայմանավորվածություն կրակ չբացելու, բայց մենք տեսանք, որ ունեցանք զոհ և վեց գերեվարված, այսինքն՝ այդ պայմանավորվածությունը պահում է բացառապես Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը որևէ պարագայում այդ պայմանավորվածությունը չի պահում»։

Աղբյուր` Փաստինֆո