Ամենագլխավոր հարցը՝ դիրքը կահավորելու հրահանգ չեն տվել, ի՞նչ նպատակ է հետապնդում սա․ Թագուհի Թովմասյան

«Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում: Մարդիկ գերեվարվել են այն հատվածից, որը մերն է: Սա շատ վտանգավոր է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ցուցակում ընդգրկված Թագուհի Թովմասյանը:

Նա նշեց, որ ակնկալում է պաշտպանության նախարարության ավելի մանրամասն պարզաբանումը, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել հայ զինծառայողները, նմանատիպ  իրավիճակներում հայկական կողմը համարժեք գործողություններ չի իրականացնում, երբ որ կոնկրետ Գեղարքունիքի մի քանի հատվածներում թշնամին մխրճվել է հենց հայկական տարածք, ավելի առաջ եկել:

«Մենք, փաստորեն, գերի չենք վերցնում, իսկ իրենք գերի են վերցնում ու հայտարարում են, որ դիվերսանտ են: Անհամարժեքություն եմ ես նկատում»,- ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ քիչ առաջ անկախ պատգամավորներով քննարկում էին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, որին ներկա լինեն պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ու այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տան:

«Հայաստանի «Պաշտպանության մասին» օրենքով Զինված ուժերը պատասխանատու են մեր սահմանների անձեռնմելիության համար, պարտավոր են պաշտպանել մեր սահմանները: Հիմա ի՞նչ խոչընդոտներ, ի՞նչ փակ, գաղտնի, անելանելի  իրավիճակներ կան: Պետք է խոսենք այդ մասին, հասկանանք՝ ումից ենք ինչ աջակցություն  խնդրում, ուր ենք գնում»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Ինչ վերաբերում է  ՀԱՊԿ-ին դիմելուն, նա նշեց, որ իր համար միշտ եղել է մի ճշմարտություն՝ եթե դու չես ուզում ինքդ քեզ պաշտպանես, որևէ մեկը դա չի անի քո փոխարեն:

«Մենք կարող ենք դիմել ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, տարբեր կառույցների, ընդհուպ ՆԱՏՕ, բայց ինչ է դա տալու մեզ, եթե ինքներս մենք մեր պաշտպանության համար չենք իրականացնում անհրաժեշտ բոլոր քայլերը:

Ծիծաղելի է դառնում, այսինքն մենք մեզ չենք պաշտպանում, ակնկալում ենք ուրիշները գան, մեզ պաշտպանեն ու մի հատ էլ մունաթ  ենք գալիս: Դա տեղին չէ»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ եթե կա թիվ մեկ թիրախ, Հայաստանի Զինված ուժերի  անկազմակերպվածությունն է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է պատասխանատվության ենթարկվի այսօրվա մեր սահմանների անձեռնմխելիությունը խախտելու համար: Նա պետք է պատասխանատվության  ենթարկվի, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են մեր երկիր, պատասխանատվության ենթարկվի, որ պատշաճ չի իրականացրել իր աշխատանքները»:

Թ. Թովմասյանի խոսքով, ամենագլխավոր հարցը, որ ծառացած է բոլորի առջև հետևյալն է՝ դիրքը կահավորելու հրահանգ չեն տվել,  ի՞նչ նպատակ է հետապնդում, որ հրահանգ չեն տվել: