Ադրբեջանի զինծառայողներն ինչպե՞ս են հատել ՀՀ պետական սահմանը, եթե այն իսկապես պահպանվող էր, նրանց հանցագործությունները թույլատրվել են

Հերթական հաղորդումը հանցագործության մասին

 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի ֆեյսբուքյան երեկվա գրառումը կարդալիս, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների, նրանց ղեկավարության և Ալիևի սրտերը վախից երևի կանգ են առել…

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ կատարված գրառմամբ , ըստ էության, հայտնեց, որ թշնամին կրկին առաջ է եկել:

Գոռ Աբրահամյանի գրառման մեջ մասնավորապես նշված է.

«25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունեալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:

Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը»:

Բնականաբար, հարց է առաջանում` Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն ինչպե՞ս են առանց թույլտվության, ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, եթե այդ սահմանն իսկապես պահպանվող էր:

Պահպանվող սահմանի պարագայում, զինվորական կանոնադրության համաձայն, մեր զինծառայողների կողմից Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները պետք է նախազգուշացվեին, այնուհետև պետք է նախազգուշական կրակոց արձակվեր, իսկ սահմանախախտումը շարունակելու դեպքում արդեն պետք է կրակ բացվեր Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վրա, այսինքն` թշնամու զորախմբի անդամները պետք է ոչնչացվեին կամ առնվազն շրջապատվեին ու գերեվարվեին: Սրանով արդեն իսկ փաստվում է, որ սահմանի պահպանվող լինելու վերաբերյալ Գոռ Աբրահամյանի հրապարակած տեղեկությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Ստացվում է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներին փաստացի (դե ֆակտո) թույլ է տրվել խախտել ՀՀ պետական սահմանը և ինչ-որ չափով առաջանալ, հետևաբար իրականությանը չի համապատասխանում կամ սուտ է Աբրահամյանի գրառման նաև այն մասը, թե Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն առանց թույլտվության են հատել ՀՀ պետական սահմանը:

Ի դեպ, բացառված չէ, որ Նիկոլի և Ալիևի գաղտնի պայմանավորվածությունների շրջանակում լինի նույնիսկ գրավոր, դե յուրե թույլտվություն` Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը խախտելու և ՀՀ տարածքի մի որոշ մասը զբաղեցնելու, դրան տիրելու վերաբերյալ, բայց դա այն հարցն է, որը պետք է պարզեն հենց նույն գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն:

Գլխավոր դատախազի խորհրդականի հրապարակած տեղեկատվության փոքր-ինչ ուշադիր ընթերցումից պարզ է դառնում, որ թշնամու զորախմբի անդամներին թույլ է տրվել նույնիսկ այնքան առաջանալ, որ նրանց հնչեցրած բռնության կոչերը և տարածքն ազատելու պահանջը լսելի են եղել ՀՀ ԶՈւ զինծառայողներին, ավելին` կողմերի միջև մինչև իսկ վիճաբանություն է առաջացել: Էլ ի՞նչ պահպանվող պետական սահման…

Հիշեցնում ենք վերոնշյալ դեպքից 2 օր առաջ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» մայիսի 23-ի հայտարարության  վերջին նախադասությամբ արտահայտված այն կեղծ հավաստումը, թե «Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով  արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»: Իբր թե մինչ այդ արգելափակված էին, այդ պահի դրությամբ էլ շարունակել են արգելափակված պահել:

Բա որ արգելափակված էին, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներն ինչպե՞ս են կարողացել համալրել իրենց շարքերը, ինչը փաստվում է ՊՆ կոչվածի հենց նույն հայտարարությամբ: Արգելափակվածները երեկ ինչպե՞ս են վերստին խախտել ՀՀ պետական սահմանը, առաջացել ու նույնիսկ սպանել մեր զինծառայողին…

Եթե կեղծիք չէ այն, որ «Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը», ապա Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինված զինծառայողներն ինչպե՞ս են Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում առանց թույլտվության, ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և այնքան առաջացել, որ նույնիսկ վիճաբանության մեջ մտել ՀՀ ԶՈւ զինծառայողների հետ:

Ավելորդ չենք համարում հիշեցնել ՊՆ կոչվածի ավելի վաղ արած հայտարարություններում կեղծ տեղեկատվության ևս մի քանի փաստեր.

15.05.2021թ. հայտարարությունում . «Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»:

16.05.2021թ. հայտարարությունում . «Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից»։

18.05.2021թ. հայտարարությունում . «Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից»:

19.05.2021թ. հայտարարությունում . «Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր»:

Եթե վերոնշյալ հավաստումները կեղծ չեն, ուրեմն շատ ավելի վատ, ուրեմն մեր զինծառայողներին իրենց սրբազան պարտականությունները չկատարելու հրաման է տրվել, այդ հրամանը տվողների կողմից կատարվել է պետական դավաճանություն, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանի խախտումը, նրանց առաջացումը և կրտսեր սերժանտ Գ. Խուրշուդյանի սպանությունը կատարվել են ՀՀ ԶՈւ հրամանատարության լիարժեք վերահսկողությամբ…

ՀՀ գլխավոր դատախազից պահանջում ենք սույն հրապարակումը նույնպես համարել հաղորդում հանցագործության մասին, իսկ ՊՆ կոչվածի հայտարարությունների մեջբերված հատվածները, այլ փաստերի հետ միասին, որպես հիմնավորումները տվյալ հաղորդման:

Գոռ Աբրահամյանի հիշյալ գրառման մեջ նշված է նաև. «Թշնամու ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»:

Սա կարդալիս Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների, նրանց ղեկավարության և Ալիևի սրտերը վախից երևի կանգ են առել… Ինչպես ասում են նման դեպքերում` քամին մեռավ ցրտից: Ադրբեջանում եփված հավերը նույնիսկ սկսեցին ծիծաղել:

Դատախազությունը քրեական գործ հարուցող է, թող Հայաստանն ու նրա բնակչությանը ներկայիս ծանրագույն վիճակին հասցրած ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի և այլ դավաճանների կողմից պետական դավաճանության, ինչպես նաև համապատասխան այլ հանցագործությունների փաստերի առթիվ քրեական գործեր հարուցի: Եվ չմոռանա, որ կյանքը կարուսել է, միշտ չէ, որ իրենք իրենց պաշտոններում են լինելու, մի օր գալու է պատասխան տալու ժամանակը:

 

Արթուր Հովհաննիսյան