Այսօր հայ կինոյի հսկաներից՝ Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է։ Կինեմատոգրաֆիստների միությունը գրում է․ «Նա է այն մարդը, որն իր «Բարև, ես եմ»-ով նոր ճանապարհ բացեց հայ կինոյի համար, տարավ հայ կինոն աշխարհով մեկ, տարավ Կանն, որն անհասանելի էր ու դրանից հետո էլ մնաց անհասանելի: Իր «Սարոյան եղբայրներ»-ով խոսեց իր ժողովրդի հետ, ու այդ զրույցը չի ընդհատվել արդեն տասնյակ տարիներ: Իր «Երևանյան օրերի խրոնիկա»-ով հավերժացրեց երևանյան մարդուն, երևանյան մարդու տեսակը՝ փոխելով, էլի փոխելով հայ կինոյի ընթացքը: Իր «Երկունք» մեծագույն կտավով շարունակեց դեռևս «Սարոյան եղբայրներ»-ով սկսված զրույցը: Իր «Մենավոր ընկուզենի»-ով նոր զրույց սկսեց՝ ամփոփելով բոլոր նախորդ զրույցներում առկա հոգու ճիչը՝ «էս ի՞նչ եք անում, տղերք»»։

Ֆրունզե Դովլաթյանը 1947 թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական ստուդիան: 1942-53 թթ․ աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1944-ից նկարահանվել է կինոյում` «Դավիթ Բեկ» (1944 թ.), «Անահիտ» (1947 թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958 թ.), «Բարև, ես եմ» (1965 թ.), «Սարոյան եղբայրներ» (1968 թ.) և այլն: 1960 թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ս. Գերասիմովի արվեստանոցը: 1959-64 թթ․ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում:

1966-69 ․թթ եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղարը, 1986-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Կինոաշխարհում դրսևորվել է որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ: Նկարահանել է մի շարք կինոնկարներ` «Առավոտյան գնացքներ» (1963 թ.), «Բարև, ես եմ» (1965 թ.), «Սարոյան եղբայրներ» (1968 թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973 թ.), «Երկունք» (1977 թ.), «Ապրեցեք երկար» (1979 թ.), «Մխիթարյանները» (1982 թ.), «Մենավոր ընկուզենի» (1986 թ.), «Կարոտ» (1989 թ.), «Լաբիրինթոս» (1995 թ.) և այլն:

Ֆ. Դովլաթյանը մահացել է 1997 թվականին: